Լավրով. «ՀՀ ղեկավարությունը փլուզում է հարաբերությունները ՌԴ հետ» - Mediamax.am

4073 դիտում

Լավրով. «ՀՀ ղեկավարությունը փլուզում է հարաբերությունները ՌԴ հետ»


Լուսանկարը` iz.ru


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «իրավիճակը Հայաստանում լավատեսության հիմքեր չի տալիս»։

«Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք ու կես տարվա պատմությունը, միտումնավոր գնում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզում»,- ասել է Լավրովը «Известия»-ին տված հարցազրույցում։

 

«Հենց ՀԱՊԿ-ն բազմիցս պաշտպանել Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում։ 2021 թվականին ՀԱՊԿ-ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել՝ Երեւանի եւ Բաքվի հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար։ Ավելին, առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել էր Հայաստանի մայրաքաղաքում կայացած նախարարական հանդիպման ժամանակ։ Մենք նստեցինք մինչեւ գիշեր, ամեն ինչ հաստատեցինք։ Առավոտյան, երբ հանդիպեցին նախագահներն ու վարչապետները, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կոնսենսուս չկա։ Մի քանի օր անց նա հրավիրեց Եվրամիության խաղաղապահ առաքելությանը։ Ադրբեջանին խոստացել էր, որ դա ընդամենը երկու ամսով կլինի։ Իսկ երկու ամիս անց, անտեսելով Բաքվին, Եվրամիությունը կրկնապատկեց անձնակազմի թիվը։ Հիմա այնտեղ Նորվեգիայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից զինվորականներ են ուղարկվում՝ ԵՄ առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է Լավրովը։

 

«Վերջին մի քանի տարիների պատմությունը խեղաթյուրվում է Փաշինյանի, նրա աշխատակիցների եւ Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից։ Երբ նա ընդդիմության մեջ էր եւ գլխավորում էր իր ստեղծած շարժումը (բոլորը գիտեին, որ նա կապեր ունի Սորոսի հիմնադրամի հետ), նա հայտարարում էր ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Այդ կարգախոսով նա փողոցներում ամբոխներ հավաքեց եւ պահանջեց ընտրություններ։ Միաժամանակ նա հայտարարեց, որ եթե իրեն չընտրեն, ինքը ժողովրդին փողոց կհանի։ Բարձրագույն ժողովրդավարություն:

 

 

Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ՌԴ նախագահը մի քանի անգամ հանդիպել է նրա հետ։ Պուտինն ընդգծում էր, որ մենք առաջնորդվելու ենք ոչ թե նախկինում արված ինչ-որ հայտարարություններով, այլ նրանով, թե կոնկրետ ինչպես է Հայաստանի ղեկավարությունը հարաբերություններ կառուցելու Ռուսաստանի Դաշնության հետ։ Ի պատասխան հնչել էր, որ ՀԱՊԿ-ը եւ ԵԱՏՄ-ն սկզբունքորեն կարեւոր կառույցներ են Հայաստանի անվտանգության, երկրի տնտեսության զարգացման եւ Հարավային Կովկասում նրա մեկուսացումը թույլ չտալու համար։

 

Հենց այս ուղղությամբ են զարգացել հարաբերությունները նախքան 2020 թվականին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության բռնկումը։ Այն ժամանակ Փաշինյանը դիմեց Պուտինին՝ որպես Ռուսաստանի դաշնակից եւ ՀԱՊԿ անդամ։ Գիշերները մեր նախագահը անխոնջ բանակցում էր Երեւանի ու Բաքվի ղեկավարների հետ՝ այդ պատերազմը դադարեցնելու համար։ Հետո եղան եռակողմ պայմանավորվածությունները։

 

Դրան զուգահեռ Եվրամիությունը հայերին եւ ադրբեջանցիներին «քաշում» էր իր կողմը։ Փաշինյանն էր ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հարթակում աշխատելու գաղափարի հիմնական ջատագովը: Նրանք պարբերաբար մեկնում էին այնտեղ՝ ի վնաս Ռուսաստանի Դաշնության տարածքում նախատեսված հանդիպումների։ 2022 թվականին Պրահայում «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովում նա եւ Ադրբեջանի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ստորագրեցին փաստաթուղթ, որում նշվում էր, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Մեզ ոչ ոք տեղյակ չէր պահել։ Հաջորդ հանդիպմանը Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին ասաց, որ մենք զարմացած ենք նրանց որոշումից։

 

Բացատրություն չհնչեց։ Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարիների մեր բոլոր ջանքերին զուգահեռ հրամայական է լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Մենք դրանով զբաղվում էինք։ Բայց երբ ինքը ճանաչեց, որ այդ տարածքը ԽՍՀՄ վարչական սահմաններին համապատասխան Ադրբեջանի կազմում է, կարգավիճակի հարցը վերացավ։

 

Երբ ղարաբաղցիները սկսեցին լքել Ղարաբաղը, Փաշինյանը ՌԴ նախագահին հարցրեց, թե ինչու նրանց թողեց ճակատագրի քմահաճույքին։ Պուտինը պատասխանեց, որ Հայաստանի վարչապետն է որոշել, որ նրանք այլեւս քաղաքացի չեն կամ Ադրբեջանից բացի այլ քաղաքացիության չեն հավակնում։

 

Ես շփվել եմ Փաշինյանի հետ, երբ Երեւանում տարբեր նիստերի էի գնում։ Ինձ թվում էր, որ նա դեռ հասկանում է Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների շարունակության օգուտները, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությունը։ Բայց հիմա հայ պաշտոնյաները եւ՛ Հայաստանի Անվտանգության խորհրդում, եւ՛ Հայաստանի խորհրդարանում ուղղակիորեն ասում են, որ պետք է ավելի շատ հույս դնել Եվրամիության վրա, որ ՀԱՊԿ-ն իբր չի կատարում Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները։ Այսինքն, ըստ էության, Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել գաղափարներ, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը։ Վստահ եմ, որ դա չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին։ Դա չի համապատասխանում մեր շահերին՝ հայերի հետ պատմական բարեկամական կապերի, Ռուսաստանում ապրող հսկայական հայկական սփյուռքի եւ Հարավային Կովկասում կայունության տեսակետից»,- ասել է Լավրովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին