Հակոբ Հակոբյան. Ես նկարել եմ իմ կյանքը - Mediamax.am

Հակոբ Հակոբյան. Ես նկարել եմ իմ կյանքը
1908 դիտում

Հակոբ Հակոբյան. Ես նկարել եմ իմ կյանքը


Մաս Դ

Կարդացեք նաեւ՝ Հակոբ Հակոբյան. Հայերի հանճարը չի վերջացել

Կարդացեք նաեւ՝ Հակոբ Հակոբյան. Կյանքն ունի իր որոշակի ռիթմը

Կարդացեք նաեւ՝ Հակոբ Հակոբյան. Ամեն մարդ իր տեղն ու իր պարտականություններն ունի իր երկրի մեջ

2002-ի աշնան սկզբին ես նորից Հակոբ Հակոբյանի հյուրն էի, հարցազրույցը՝ «Ես իմ կյանքն եմ նկարել» վերնագրով, տպագրվեց «Օրրանի» սեպտեմբերի 5-ի համարում: Հիշում եմ, որ ինքն էր զանգահարել: Կարծում էի՝ ինչ-որ հատուկ ասելիք ունի, բայց ամբողջ հարցազրույցում այդպես էլ առանձնահատուկը չգտա ու երբ վերջում հարցրի՝ կա՞ր հարց, որ չտվեցի, բայց ասելիք ունեք, անմիջապես հասկացավ բուն հարցս՝ ինչու՞ էիք կանչել, ու՝ պատասխանեց. «Ինչ անսիրտ մարդ ես դուն, կարոտել չես գիտեր»… Գիտեի ու գիտեմ, բայց այնքան մեծ էր ու է ակնածանքս ու սերս Հակոբ Հակոբյանի անձի ու գործի հանդեպ, որ անառիթ գնալ կամ զանգահարել ու զրուցել պարզապես չէի կարող: Բայց այդ օրը ես իսկապես նրան տվեցի հարց, որ չէի տվել մինչ այդ՝ Արցախի մասին.

-Մենք ունենք չլուծված ազգային խնդիրներ, որոնք այսօր և տնտեսական, և մշակութային զարգացումը դժվարացնում են: Այդ խնդիրներից առանցքայինը Ղարաբաղի հարցն է: Ձեր կարծիքով՝ այս փուլում ինչպե՞ս պիտի խնդիրը լուծենք, որ և նվազագույն կորուստներ ունենանք, և ժամանակի մեջ հաստատուն վիճակ:

-Դուք մի հարց եք տալիս, որ հազար հոգու կարող էիք տալ ու իրականության մեջ պատասխան չստանալ: Մենք՝ պարզ մարդիկս, պիտի ուզեինք, որ լուծում գտնվեր, որովհետև մեր ժողովուրդն արդեն բավական վնասներ կրել է: Ո՞րն է այդ լուծումը, ես չեմ կրնար ասել: Այս պահուն մեջ իրավունք չունեք այդ հարցը անձերու տալ: Առաջին իսկ պահից երևում էր, որ այդ հարցը միայն հայերս չենք լուծելու՝ ուզենք կամ չուզենք, գիտակցենք կամ չգիտակցենք: Մեր այսօրվա վիճակը կապված է նաև մեր շրջապատի երկրների հետ, համաշխարհային մակարդակի հարաբերությունների հետ: Ի՞նչ ընթացք կունենան, մեզ ի՞նչ կուտան, մենք ի՞նչ ենք ներկայացնում իբրև ուժ, ինչչա՞փ են մեզ հետ հաշվի նստում՝ դա պիտի պարզենք: Մեզ տալու են այն, ինչի արժանի ենք:


Հակոբ Հակոբյան, «Վիշտը», 1961 թվական

Վերջիվերջո՝ որոշողը ուժերն են և ուժեղներն են՝ ինչ-որ բաներ երազել կամ ինչ-որ բաներ ուզելը նշանակություն չունի: Այդ իմաստով շատ քիչ մարդ կարող է հստակ պատասխան տալ: Այն համոզումն ունեմ, որ մեր հարցին լուծումը կախված չէ մեր փափագներեն, մեր կարողություններեն, այլ կախված է ընդհանրապես մեզ տրված նշանակությունից, շրջապատի երկրների հետ մեր հարաբերություններից, ընդհանրապես՝ աշխարհի մեծերու հետ հարաբերություններից:

-Աշխարհի մեծերն իրենց երկներում նստում ու քարտեզի վրա քանոնով ուղիղ գծեր են գծում՝ չտեսնելով երկրներ ու ժողովուրդներ: Աշխարհի մեծերի համար հեշտ է այդ խնդիրներն այդպես լուծել, մենք պիտի ընդունե՞նք: Դա ճակատագրական նշանակություն չի՞ ունենա մեր երկրի ու մեր ժողովրդի համար:

-Դուք ճիշտ եք: Բայց այն օրից, որ մարդը սկսեց կոչվել քաղաքակիրթ, հազարավոր պատերազմներ է վարել: Ով ուժեղ է՝ հարձակվում է կողքի թույլի վրա և նրան հոշոտում է, նրա հողերը գրավում է ու հարստությունը յուրացնում է, ենթարկում է իրեն: 2000 տարի մենք այդ պատմությունը տեսնում ենք անդադար: Միայն 20-րդ դարում երկու աշխարհամարտ ենք տեսել ու միլիոնավոր մարդիկ են սպանվել: Ուրեմն՝ հայ ժողովրդի պատմությունը չէր կարող տարբեր լինել: Երբ հայ ժողովրդի անունը նշվում է, երբ մեր թագավորների անունը նշվում է, այդ ժամանակներից մենք համարյա միշտ վասալ երկիր ենք եղել ավելի հզորների համար՝ 1000 տարի ենթարկվել ենք Պարսկաստանին, հետո եկել են արաբները, հետո՝ բյուզանդացիները, հետո՝ հռոմեացիները, հետո՝ թուրքերը, հետո՝ ռուսները…Ինչու՞ ենք ենթարկվել, որովհետև ավելի թույլ ենք եղել նրանցից: Աշխարհում այսօր այդ հարաբերությունները՝ թույլի ու ուժեղի, փոխվե՞լ են:

-Ոչ:

-Այսօր մենք ուժե՞ղ ենք, թե՞ թույլ ենք:

-Մեր ցանկացածի չափ ուժեղ չենք:

-Վերջացավ, ուրեմն դուն թույլի ու ուժեղի հարաբերությանց մեջ ես, ուրեմն մեկ բան է մնում՝ ոտքդ քո վերմակին չափ երկարես, որ ավելի քիչ վտանգի մեջ լինես: Իսկ եթե չգիտնաս չափդ, միշտ պիտի գիտնաս՝ կողքիդ հզոր երկիրը մեկ բան է մտածում՝ ինչպես քեզ շարքից դուրս հանե, վերջացնե: Ե՞րբ մեծերը չեն որոշել, ե՞րբ մեծերը չեն քարտեզները գծել, որ այսօր չգծեն: Հռոմեացիները չե՞ն գծել, պարսիկները չե՞ն գծել… Սա է մեր իրականությունը, եթե մենք շարունակելու ենք օդի մեջ երազել, մեր երազն իրականության տեղ դնել, օդի մեջ ծրագիրներ ստեղծել, քանի՞ անգամ պիտի մեր գլխին տան, որ հասկանանք, որ մենք մեր չափը պետք է իմանանք և պետք է փորձենք համերաշխության հասնել: Սա է իմ համոզումը: Եթե մեծ բանաստեղծն ասում է, որ միասնությունը մեզ կփրկե, մենք չենք լսում: Պարզ է, որ եթե մեր շրջապատի ժողովուրդներու հետ համերաշխության մեջ չպիտի ապրենք, դատապարտված ենք ոչնչանալու և արդեն սկսել ենք ոչնչանալ:

-Ի՞նչ է հայի ուզածն աշխարհից այսօր, ո՞րն է հայի ֆենոմենը:

-Ինչու՞ հայի, ինչու՞ ոչ մարդու ֆենոմենը: Ես արդեն ծեր մարդ եմ և լավ գիտեմ, որ կյանքի սկզբից ի վեր եղել են, կան քանի մը հիմքեր՝ մարդ պիտի ֆիզիկապես ու մտքով աշխատի իր պատառ հացը շահելու համար: Այսօր կյանքը իր զարգացմամբ ու իր բարդությամբ մարդուն դնում է այնպիսի վիճակի մեջ, որ մարդը ոչ միայն պիտի իր հացը շահի, այլև իր հացի որակը շահի, պետք է կենսապայմաններ ստեղծի՝ մարդուն մնում է օրական 8 ժամ աշխատել, քիչ մը հանգստանալ՝ մյուս օրը նորեն աշխատելու համար: Ասիկա սիզիֆյան վիճակ է՝ ամեն օր նույն գագաթը պիտի հանես ժայռաբեկորդ, որ վաղը առտու նորից սկսես հանել:


Հակոբ Հակոբյան, «Կինը հայելու առջև», 1970-ականներ

Հայերու վիճակը տարբեր չէ աշխարհի մարդոց վիճակեն: Նույն ամերիկացին առավոտ պիտի վեր կենա, գնա աշխատանքի, քիչ մը հանգստանա ու նորեն աշխատի: Ի՞նչ է կյանքի իմաստը: Հազարավոր տարիներ փիլիսոփաները փորձել են պատասխանել, բայց կյանքը կյանք է, կյանքը ապրում են: Արդեն այն, որ ծնվում ենք, 70-80-90 տարի ապրում ենք ու մեռնում, քիչ չէ մարդու ողբերգության համար: Չեմ կարծում, որ ուրիշ բացատրություն կա: Մարդն ապրում է, և կյանքն այնքան կարճ է, որ մնում է իր խելքով, իր կարողություններով ապրի, և իր երջանկությունն ու իր ուրախությունն ինքը ստեղծի: Բոլորս էլ ենթակա ենք այն դժվարություններուն, որոնց մարդը ենթակա է: Պիտի կարողանանք իրար օգնել, կյանքի բեռը թեթևացնել, ուրիշ բան մը չիկա:

***

-Իբրև արվեստագետ՝ կտավի մեջ Ձեր ամբողջ ասելիքը տեղավորու՞մ եք, թե՞ զգում եք բառերի կարիք:

-Ես նկարել եմ իմ կյանքը: Իմ կտավները իմ կենսագրության մասն են: Որքա՞ն է դա հետաքրքիր ուրիշներին, ուրիշ հարց է: Կամ՝ ճի՞շտ է, որ մարդ ենթարկվի իր անձնական կյանքին, իր ապրումներուն և դա ներկայացնի, թե՞ ուրիշ, ավելի կարևոր բան պետք է փնտրել: Ամեն մեկն իր համար է պատասխանում այդ հարցերին:

-Ձեզնից հետո եկողներին ի՞նչ կցանկանայիք ասել:

-Ամեն մարդ աշխարհում վերջիվերջո իր կյանքն է ապրում և պետք չէ իր երջանկության համար շատ բան սպասի ուրիշներից: Անխուսափելի է ուրիշներից բան սպասելը, բայց եթե շատ բան ես սպասում ուրիշներից, իրականության մեջ, խորքում սխալվում ես, որովհետև ուրիշն ալ անհատականություն է բոլորովին տարբեր ու ամբողջապես անհասկանալի: Քանի որ ամեն մեկն անհատականություն է, իր խորքին մեջ չի կրնար մինչև վերջ ուրիշին առաջ իրեն բացահայտել և հասկանալի ըլլալ: Վերջիվերջո՝ ամեն մեկս մեր կյանքն ենք ապրում, և մեզի հետ կրնան պատահել ամեն տեսակի դժբախտություններ ու ուրախություններ: Իմ կյանքիս մեջ բազմաթիվ անգամներ մահվան քսվել-անցել եմ: Միայն ես չէ: Բոլորս: Դուք ալ: Մի ակնթարթի մեջ կյանքդ կարող ես կորցնել: Պիտի կրնաս ուրիշի հետ համերաշխ ըլլալ, ուրիշ խնդիր չիկա: Այս խոսակցությունը սկիզբ ու ավարտ չունի՝ այսօր, վաղն ալ կրնանք շարունակել, քանի կա կյանքը…

Շարունակելի

Կարդացեք նաեւ՝ Հակոբ Հակոբյան. Հայերի հանճարը չի վերջացել

Կարդացեք նաեւ՝ Հակոբ Հակոբյան. Կյանքն ունի իր որոշակի ռիթմը

Կարդացեք նաեւ՝ Հակոբ Հակոբյան. Ամեն մարդ իր տեղն ու իր պարտականություններն ունի իր երկրի մեջ

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին