STARMUS VII փառատոնը կբացվի Ժան-Միշել Ժառի «Կամուրջ ապագայից» համերգով - Mediamax.am

3578 դիտում

STARMUS VII փառատոնը կբացվի Ժան-Միշել Ժառի «Կամուրջ ապագայից» համերգով


Լուսանկարը`


Էլեկտրոնային երաժշտության առաջամարտիկ Ժան-Միշել Ժառը մայիսի 12-ին Բրատիսլավայում «Կամուրջ ապագայից» բացառիկ կենդանի կատարմամբ կբացի STARMUS VII փառատոնը:

Queen-ի լեգենդար կիթառահար եւ STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյի հետ, որը կներկայանա իբրեւ հատուկ հյուր, Ժառը կներկայացնի իր շոուն Դանուբ գետի SNP կամրջի ֆոնի վրա:

 

«Այս իրադարձությունը, որը կներկայացվի թվային անվտանգության համաշխարհային առաջատար ESET-ի հետ համատեղ, խոստանում է տիեզերական տեսարան լինել, որը կապացուցի սահմանները հատելու եւ երեւակայությունն արթնացնելու երաժշտության ուժը», - ասել են STARMUS-ի կազմակերպիչները:

 

«16 տարի առաջ ես եւ Բրայան Մեյը Լոնդոնում հանդիպեցինք Ժան-Միշելին եւ համագործակցության առաջարկեցինք նրան: Գիտեինք, որ Ժան-Միշելի համերգները հատուկ նախապատրաստություն են պահանջում եւ մինչ այժմ նման հնարավորություն չէինք ունեցել։ Երեւի սպասում էինք, որ մեր փառատոնն անցկացվի «STARMUS Earth» թեմայով։ STARMUS-ն առաջին անգամ ուշադրություն է հրավիրում մեր մոլորակի վրա, եւ մենք ցանկանում ենք, որ մարդիկ ավելի զգայուն լինեն մեր ժամանակի կարեւոր հարցերի նկատմամբ: Այդ նպատակին է ծառայելու «Կամուրջ ապագայից» համերգը։ Ժան-Միշել Ժառը միշտ է մեզ ապագայից երաժշտություն բերել, որպեսզի կապի մեզ ներկայի հետ, եւ դա լիովին համապատասխանում է փառատոնի ոգուն»,- ասել է STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը:

 

Ժան-Միշել Ժառը նշել է.

 

«Մինչ մենք շարունակում ենք դասեր քաղել անցյալից, այսօր պետք է լսենք ապագային՝ ընկալունակ եւ ուշադիր լինելով եկող ազդանշանների նկատմամբ։ Ապագայում կան բեկումներ, բացահայտումներ եւ լուծումներ բոլոր ոլորտների

համար. նրանք սպասում են, թե երբ կհասնենք դրանց»։

 

«Մենք շատ ուրախ ենք, որ STARMUS VII-ը կսկսի այսպիսի յուրահատուկ շոուով: Այդ համերգով Ժան-Միշել Ժառը կհաղորդի փառատոնի ոգին` նվիրված մեր մոլորակի արդի խնդիրներին»,- ասել է Բրայան Մեյը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին