Գլխավոր Միջազգային 

Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացվել է ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից. Հաջիև

analitik.am

Ռուս խաղաղապահների՝  Արցախի Հանրապետությունից վաղաժամ դուրսբերման որոշումը կայացվել է երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հռչակագրի հիման վրա «Ադրբեջանի Հանրապետության տարածքում» ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների «մեր երկրի տարածքից» (չակերտներ-Panorama.am) վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Արցախի Հանրապետությունից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հետ կապված իրավիճակը և խորհուրդ է տալիս հարցումներ կատարել ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնել էին, որ  ռուսական խաղաղապահ զորակազմի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել է Քրվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի տարածքը։ Զորախումբը լքել է վանքի տարածքը ընդամենը մի քանի օր առաջ և վանքը թողել են ադրբեջանցի ոստիկանների քմահաճության տակ։

«Այսպիսով, սկսվեց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը Ադրբեջանի տարածքից»,-գրում են ադրբեջանական կայքերը։

Նույն շարքից