Լավրովը Պուտինի եւ Փաշինյանի «անկեղծ զրույցի» հույս ունի - Mediamax.am

2164 դիտում

Լավրովը Պուտինի եւ Փաշինյանի «անկեղծ զրույցի» հույս ունի


Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ամենաբարձր մակարդակով շփումները կլինեն՝ «իրավիճակի անկեղծ քննարկման համար»։

«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նրանք գնահատում են այն ամենը, ինչ ունեցել են Ռուսաստանի հետ։ Դժվար է գերագնահատել այն, ինչ արել է Ռուսաստանը Հայաստանի անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, եւ այն, ինչ կար եւ կա մեր հարաբերություններում, պետք է գնահատել։ Հուսով եմ, որ նա շփումներ կունենա նախագահ Պուտինի հետ, որտեղ հնարավոր կլինի դա անկեղծորեն քննարկել՝ առանց մեր արեւմտյան չարակամների փաստարկների»,- ասել է Լավրովը մի քանի ռուսական ռադիոկայաններին տված հարցազրույցում։

 

Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է, որ «Մոսկվան Երեւանին դաշնակից է համարում»։

 

«Ամեն դեպքում մենք դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք դաշնակիցներ ենք իրավաբանորեն, սակայն կարծում եմ, որ ոչ միայն իրավական առումով, եւ որ այնտեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարեւորությունը Հայաստանի անվտանգության եւ տնտեսական զարգացման համար»,- նշել է Լավրովը։

 

«Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը համամասնորեն ստանում է ամենաշատ օգուտը։ Մոտավոր հաշվարկներով Հայաստանի տնտեսության 35%-ն իրացվում է ԵԱՏՄ-ին մասնակցությամբ։ Հայաստանը, լինելով փոքր երկիր, շատ ավելի քիչ ներդրում ունի ԵԱՏՄ-ում, քան մյուսները, այդ թվում՝ ֆինանսական, բայց բոլորի հետ բացարձակ հավասար իրավունքներ ունի, երբ որոշումներ են կայացվում»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին