Ադրբեջանն այսօր հնարավորություն ստացավ խրվելու մեր օրգանական տարածքի մեջ. ՀՀ-ն փաստացի կարող է վերածվել անկլավ-պետության, օղակը մեր շուրջ սեղմվում է. Դավթյան

Հարցազրույց Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ

– Պարոն Դավթյան, Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած երկրորդ այցից հետո հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Համատեղ մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Արդյոք սա չի՞ նշանակում, որ Փաշինյանը հանձնեց գյուղերն Ադրբեջանին:

– Փաստացի սա կապիտուլյացիոն քաղաքականության շարունակությունն է: Գերակա դիրք զբաղեցնելով Հայաստանի ռազմավարական  բազմաթիվ բարձունքներում՝ Ադրբեջանն այսօր հնարավորություն ստացավ խրվելու մեր օրգանական տարածքի մեջ՝ վերջնականապես զրկելով մեզ ռազմավարական խորությունից: Հատկանշական է, որ խոսվում է միջպետական սահմանին սահմանապահների, այլ ոչ թե բանակի տեղակայման մասին, ինչն արդեն խոսում է Բաքվի հեռահար նպատակների մասին:

Ակնհայտ է, որ այս ամենի արդյունքում մենք կորցնում ենք մեր՝ մինչ այս պահն ամենաանվտանգ հյուսիս-արևելյան պաշտպանական գիծը՝ փաստացի հնարավորություն տալով Ադրբեջանին ապագայում իրականացնել Սևանի ուղղությամբ իր էքսպանսիոնիստական ծրագրերը:

Վերջինս Բաքվի առանցքային նպատակներից է, որին նրանք փորձելու են ամեն գնով հասնել:

Միաժամանակ, առավել, քան իրատեսական է դառնում Հայաստանի շրջափակման հեռանկարը: Ստեղծված իրավիճակում փաստացի Բաքվի վերահսկողության տակ են հայտնվում հայ-վրացական ավտոճանապարհային հաղորդակցությունները՝ ապագայում որոշակի ռիսկեր ձևավորելով նաև երկաթուղային կապի համար Սանահին-Այրում հատվածում: Դրան զուգահեռ՝ վտանգվում է Կարմիր կամուրջ-Սև քար-Բերդ մայրուղային գազատարը, որով ապահովվում է Հայաստանի գազատրանսպորտային անվտանգությունը:

Միաժամանակ, օրակարգից դուրս է գալիս նաև Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի մաս կազմող Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը, որի կառուցման համար հայտարարված մրցույթը, ի դեպ, վերջերս կառավարությունը կասեցրեց: Սա ռազմավարական կոլապս է: Օղակը մեր շուրջ սեղմվում է:

– Հայտարարության մեջ ասվում է, որ «գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից»: Նշվում է նաև, թե վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: «Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ի վերջո, ի՞նչ քարտեզի, ի՞նչ իրավական հիմքերի վրա է այս որոշումը կայացվել, որքանո՞վ է տեղի ունեցածն օրինական: Ի՞նչ է ստանում Հայաստանը:

– Գործընթացը ֆորմալ առումով կարող է որպես օրինական ներկայացվել՝ դրան կցվելով տարբեր քարտեզներ ու իրավական ակտեր: Բայց պետք է հասկանալ մի պարզ բան. կա միջազգային հարաբերությունների ընկալման երկու հարացույց՝ միջազգային-իրավական ու աշխարհաքաղաքական:

Պետք չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ այսօր գերիշխում է երկրորդը՝ իր հիմքում ունենալով բացառապես մի սկզբունք՝ առաջխաղացում, էքսպանսիա: Ուստի շատ ավելի կարևոր է հարցի աշխարհաքաղաքական կողմը: Իսկ աշխարհաքաղաքական մտածողության դեպքում հնարավոր է նպատակիդ ու շահիդ ծառայեցնել նաև միջազգային իրավունքը՝ այն, ինչը և անում է այսօր Բաքուն: Ի՞նչ է ստանում Հայաստանը: Կառավարության հայտարարության մեջ որպես ձեռքբերում է ներկայացվում «անվտանգային ռիսկերի» նվազումը, ինչը բացարձակ մերկապարանոց է:

Անգամ, եթե մի պահ պատկերացնենք, որ այս քայլով Երևանը նվազեցրեց ռազմական էսկալացիայի ռիսկը, միևնույն է՝ պետք է գիտակցել, որ պետության անվտանգության համակարգը չի սահմանափակվում միայն ռազմական բաղադրիչով: Բոլոր վերոնշյալ ռիսկերն ու հետևանքներն էապես խարխլում են մեր պետական անվտանգության համակարգը, անկախ նրանից՝ կլինի՞ ռազմական բախում, թե՞ ոչ: Մեր դեմ մղվում է հիբրիդային պատերազմ, որում հաղորդակցային բաղադրիչը կենտրոնական տեղ է զբաղեցնում: Այսպիսով, Հայաստանը չի ստանում ոչինչ, բացի անվտանգային ռիսկերի մի մեծ փնջից:

Տավուշի գյուղերի հանձնումն այլևս հարցականի տակ է դնում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի անցկացումը Հայաստանի տարածքով: Այստեղ ևս զիջում ենք Ադրբեջանին, որի տարածքով արդեն իրականացվում են կոնտեյներային փոխադրումներ Սանկտ Պետերբուրգ-Մումբայ երթուղով: Նաև այսօր ինտենսիվորեն կյանքի է կոչվում նույն «Հյուսիս-Հարավ» լոգիստիկայով էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորումը Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երթուղով՝ փաստացի դուրս թողնելով Հայաստանն այդ հաղորդակցությունից: Դրա վառ ապացույցներից է Իրան-Հայաստան ու Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգետիկ հաղորդման գծերի կառուցման պարալիզացումը, «Էներգաիմպեքս» ըներության լուծարումը: Նպատակը պարզ է՝ տեղավորել Հայաստանը Թուրքիայի շահերից բխող «Արևելք-Արևմուտք» միջանցքում՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա հաղորդակցությունը թուրքական ու ադրբեջանական ենթակառուցվածքներով իրականացնելու հեռանկարով: Նշված  ռազմավարության կարևոր մասերից է «Միջին միջանցքը»:  Այս նպատակով Անկարան ու Բաքուն առաջիկայում ինտենսիվացնելու են քայլերը, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» բացման համար, որը կներկայացվի՝ որպես Հայաստանի ինտեգրում «Միջին միջանցքին»:

Ահա այն հանգույցը, որի համար իսկապես կարող է մեծ ռազմական բախում լինել, ինչը քաջ հասկանում են նաև Բաքվում: Արդյունքում՝ մենք գործ ունենք մի ռազմավարության հետ, որը կարող է դարձնել Հայաստանը «Թուրանական միջանցքի» մաս: Պետք է, սակայն, հասկանալ, որ անգամ այդ պարագայում որևէ լուրջ ռեգիոնալ նշանակության էներգատրանսպորտային ենթակառուցվածք, որևէ գազամուղ կամ նավթամուղ չի անցկացվելու Հայաստանի տարածքով: Դրա մասին են վկայում արևմտյան ուղեղային կենտրոնների բազմաթիվ զեկույցներ: Պատճառը պարզ է՝ մեզ չեն դիտարկում՝ որպես միջազգային խոշոր ներդրումների համար կայուն երկիր: «Սիմենս» ընկերության դուրս գալը Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախագծից դրա վառ ապացույցներից է:

Չեմ բացառում, որ իրեն փոխանցված նոր տարածքներում Ադրբեջանը կարող է ռազմական բազա կառուցել: Դրա համար նա չի բախվի որևէ խոչընդոտի: Եթե անգամ դա չարվի, ապա վստահաբար կարող ենք ասել, որ այդ տարածքներն էապես միլիտարիզացվելու են՝ խորքային վերահսկողություն իրականացնելու նպատակով, այդ թվում՝ վերոնշյալ տրանսպորտային ու էներգետիկ հաղորդակցությունների նկատմամբ: Դրան զուգահեռ՝ Հայաստանի առջև պահանջ է դրվելու ապառազմականացնելու Սյունիքը՝ այն վերածելով, ինչ-որ իմաստով՝ չեզոք, ազատ տնտեսական գոտու:

Միաժամանակ, մեծ է հավանականությունը, որ որպես այս սցենարի շարունակություն՝ կհանձնվի Տիգրանաշենը, նաև այլ բնակավայրեր՝ սովետական արխիվներից ադրբեջանցիների կողմից պեղված քարտեզների համաձայն:

Այս ամենի արդյունքում Հայաստանը փաստացի կարող է վերածվել անկլավ-պետության:

Քաղաքական աշխարհագրության տեսանկյունից իրականում շատ մոտ ենք այդ կարգավիճակին: Կարծում եմ, պետք է պատրաստ լինենք ամենաբարդ զարգացումների:

Տեսանյութեր

Լրահոս