▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա խաղաղության գործընթաց չէ, այլ՝ շարունակվող կապիտուլյացիա»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանին ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովների պայմանավորվածությունները Հայաստանի համար շատ վտանգավոր դրույթներ են պարունակում։
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Բաղանիս-Այրումի հենց կողքով է անցնում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, Բաղանիս-Այրումի տարածքը Ադրբեջանին հանձնելուց հետո այդ ճանապարհով երթևեկը վտանգվելու է, Նոյեմբերյան-Իջևան տրանսպորտային հաղորդակցությունը խաթարվելու է։ Բաղանիս-Այրումի հանձնումով 30 տարի ամրացված բազմաթիվ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Բաղանիս-Այրումից վերև, ավելի առաջ, հանձնվելու են։
Կողմերը պայմանավորվել են նաև շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով: Դա նշանակում է, որ հաջորդ փուլում Ադրբեջանին են հանձնելու Վերին Ոսկեպարը` Յուխարի Ասքիպարան, Բարխուդալուն, Սոֆուլուն, Տիգրանաշենը՝ Քյարքին։ Ադրբեջանական զինուժը օկուպացրել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերից շուրջ 300 քառակուսի կիլոմետր տարածք, Տավուշի մարզից մոտ 10 հազար հեկտար, դրանք, ինչպես նաև Արծվաշենը 30 տարի գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, նման պայմաններում Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելը շարունակվող կապիտուլյացիա է։ Կապիտուլյախցիա, որը Նիկոլ Փաշինյանը «հորով-մորով է անում» Տավուշի սահմանագոտու բնակիչների հետ հանդիպումներ անելով»։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական ճանապարհը, քանզի համաձայն չեն միակողմանի կերպով տարածքները Ադրբեջանին հանձնելուն, որի հետևանքով վտանգելու է Բաղանիսը և ոչ միայն Բաղանիսը։ Ոսկեպարի բնակիչները հավաքվել են, հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի որոշումն է»։

***

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն  ակցիա են իրականացնում։ Նրանք փակել են միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում սահմանազատման հետ կապված։ Բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ: Այս մասին թելեգրամյան էջում հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

***

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ-ն «սահմանազատման» այս գործընթացից ոչինչ չի ստանում, բացի թշնամուն արվող հերթական զիջումից և անվտանգային էլ ավելի վատ վիճակից ու նոր մարտահրավերներից։
Մնացած ամեն ինչը հեքիաթ է... »։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին