Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Երևանյան բեսթսելեր». «Թունելից 13 կմ հեռավորության վրա»-ն՝ կրկին առաջատար. հայ գրականություն. դեկտեմբեր, 2023

«Երևանյան բեսթսելեր». «Թունելից 13 կմ հեռավորության վրա»-ն՝ կրկին 
առաջատար. հայ գրականություն. դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է նրանց սպասվում այնտեղ․․․

Երկրորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Երրորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:

Աշոտ Ստեփանյանի «Քաղաքը քեզ կսպասի» պատմվածքների ժողովածուն չորրորդ տեղում է։  Այն հատկանշվում է գրողական ընդգծված անհատականությամբ, սեփական տեսակը ճանաչելու և նրան հարազատ լինելու շատ կարևոր ունակությամբ, իրականության յուրովի ընկալման և մեկնաբանման ինքնատիպ վարպետությամբ: Պատմվածքների կերպարները, իբրև կենսակերպի թիրախ ունենալով մահվան հանդեպ վերաբերմունքը, յուրովի են հաղթահարում դրան առնչվելու հոգեբանա-գոյաբանական բարդությունները:

Հինգերորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը...Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ...

Վեցերորդ հորիզոնականում է Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ –1» գեղարվեստական վեպը, որը պատմում է Արցախյան երեք պատերազմների ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին։ Այս վեպն առաջինն է, որում հեղինակն անդրադառնում է մեր ժամանակներին, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ ցույց է տալիս, թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:

Յոթերորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն։ «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ աղջկա՝ Ագապիի և նրա սիրեցյալի՝ Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության...«Ագապի» վեպը լույս է տեսել 1851 թ. Կ. Պոլսում՝ հայերեն տառերով, թուրքերեն լեզվով, և ուղիղ հարյուր տարի մնացել էր անհայտության մեջ:

Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ»-ը ութերորդ տեղում է։ Մ.թ.ա. առաջին դարում համաշխարհային տիրապետության ձգտող Հռոմը ցանկանում էր զավթել Փոքր Ասիան, բայց հռոմեական նվաճումների շղթան չէր ամբողջանում, որովհետև իրենց անկախության ու ազատության համար հերոսական պայքարի են ելնում Պոնտոսը, Հայաստանը և Պարթևստանը: Հայրենի երկիրը հռոմեական ավարառուներից պաշտպանելու համար ոտքի է կանգնում նաև հայ ժողովուրդը և ապրելու ու գոյատևելու իր իրավունքը պաշտպանում զենքի ուժով: Արքայից արքա Տիգրան Բ Մեծի գլխավորությամբ Հայաստանը դառնում է աշխարհի հզոր տերություններից մեկը: Այդ դարաշրջանի գեղարվեստական պատկերն է  արտացոլվում անվանի արձակագիր, պետական մրցանակի դափնեկիր Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» պատմավեպում:

Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» իններորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունը ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը հասցրին նոր մակարդակի։

Տասներորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 Ռուբեն Եսայան, «Թունելից 13 կմ հեռավորության վրա» Հեղ․հրատ 209
2 +3 Աշոտ Աղաբաբյան, «Թակարդ» Բուկինիստ 122
3 *

Մարկ Արեն

«Բարի գործերի քաղաքը»

Բուկինիստ 93
4 Նոր 202627649.jpg (131 KB)

Աշոտ Ստեփանյան

«Քաղաքը քեզ կսպասի»

Անտարես 67
5 * Մարկ Արեն և Վարս Չարենց, «Դարձյալ սիրո մասին» Բուկինիստ 58
6 +1

Աշոտ Աղաբաբյան

«Սև հովազ –1»

Բուկինիստ 55
7 * Հովսեփ Վարդանյան «Ագապի» Բուկինիստ 44
8 -3

Հայկ Խաչատրյան

«Տիգրան Մեծ»

հեղ․հրատ 42
9 *

Աշոտ Աղաբաբյան

«Գաղտնիքների տիրակալը»

Բուկինիստ 37
10 -8

Գրիգոր Քեշիշյան

«Շելա»

Դավինչի 37

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am