ՖՈՏՈ. Կանայք շատ հարցերում ավելի խոհեմ են. Հովհաննես Դավթյանը՝ կին-տղամարդ հարաբերությունների, նոր սթենդափի մասին եւ ոչ միայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Որքան էլ տղամարդիկ սիրում են ասել, որ իրենք միայնակ են որոշումներ կայացնում, սակայն կան հարցեր, որոնց ժամանակ սիրով լսում են կնոջը, իսկ կանայք շատ հարցերում ավելի խոհեմ են: Իսկապես կան հարցեր, որոնց դեպքում պետք է լսել կնոջը», – այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց դերասան Հովհաննես Դավթյանը՝ անդրադառնալով «Կաբlook» կոչվող նոր սթենդափին:

Դերասանը նշեց, որ առաջին անգամ «Կաբlook»-ը ներկայացրել էր Մարտի 8-ին, քանի որ իր թիմի հետ ձեւավորված ավանդույթ ունի, որ ամեն տարի կանանց տոնի առթիվ նոր սթենդափով է հանդես գալիս:

«Կանանց թեմայով ներկայացումները շատ են սիրվում: Թվում է՝ թեմային արդեն շատ ենք անդրադարձել, բայց, միեւնույն է, նոր մոտեցումներ ենք գտնում: Կանանց թեմայով մյուս ներկայացումների պես՝ «Կաբlook»-ը շատ է սիրվել, ընդ որում՝ անկախ սեռից: Պրեմիերան կայացավ մարտի 8-ին, իսկապես մեծ հաջողություն ունեցանք, 3 սեանս խաղացի, ինչը մեր ոլորտում (հումորի) չլսված հաջողություն էր: Հաջորդ հանդիպումն էլ տեղի ունեցավ մարտի 9-ին (2 սեանս): 2 օրում ներկայացումը դիտեց 11.000 հանդիսատես, իսկ մարտի 4-ից արդեն sold out էր, տոմսեր պարզապես չկային: Ապրիլին «Կաբlook»-ը կրկին բեմում է», – ասաց դերասանը՝ նշելով, որ ժամեր առաջ է վերադարձել Եվրոպայից, ուր մեկնել էր հյուրախաղերի՝ մեծացնելով «Կաբlook»-ի աշխարհագրությունը:

«Շրջագայությունները սկսեցինք Գերմանիայից: Ելույթներ ունեցա Ֆրանկֆուրտում, Քյոլնում եւ Համբուրգում: Հաջորդը Ֆրանսիան էր՝ Լիոն եւ Մարսել, ապա՝ Բելգիա, Բասկերի երկիր: Իսկապես շատ ջերմ հանդիսատես ունեմ: Բոլոր կատակները՝ անկախ աշխարհագրությունից, հասկանում են, թեպետ անկեղծանամ, որ սկզբնական շրջանում մտավախություն ունեի, որ հումորները կարող են ընկալելի չլինել, սակայն մտավախությունն անտեղի էր», – խոստովանում է դերասանը:

Նրա խոսքով՝ իրեն դիտելու են գալիս մարդիկ, ովքեր արդեն վաղուց ծանոթ են իր գործունեւթյանը, հետեւում են իր ելույթներին, իհարկե, կան նաեւ մարդիկ, ովքեր Հովհաննեսին հիշում են իր հայտնի՝ Մխոյի կերպարով.

«Ինչ խոսք, որպես դերասան ես հենց Մխոյի կերպարով հայտնի դարձա, դա անհերքելի փաստ է, բայց, միաժամանակ, կերպարի հետ ասոցացիա չի մնացել: Երկար տարիներ օր ու գիշեր աշխատել եմ իմ անվան համար, որ ինձ միայն այդ կերպարի հետ չկապեն, փորձել եմ այնպես անել, որ ինձ ճանաչեն անուն-ազգանունով: Փորձում եմ աշխատանքիս մեջ լինել բազմաժանր, բայց, իհարկե, կան դեռ մարդիկ, որ մինչ օրս ինձ Մխո են ասում, հիմնականում՝ մարզերում եւ Լոս Անջելեսում: Կարծում եմ, որ դա էլ կանցնի, իհարկե, այնպես չէ, որ այդ փաստից սրտնեղում եմ»:

Տարիներ շարունակ բուռն գործունեություն ծավալելով՝ Հովհաննես Դավթյանը չի հերքում, որ երբեմն լճացման վախ ունենում է:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող այդ վախը պետք է սրտում պահի, քանի որ դա չի նշանակում, որ տրվել ես դրան, հակառակը՝ մոտիվացնում է, որ առաջ գնաս, նոր մտքերով հանդես գաս: Կարծում եմ, որ լճացման վախը, նույնիսկ, ցանկալի է, որ մտքումդ ունենաս, քանի որ դրա արդյունքում նաեւ փորձում ես միշտ արդիական լինել՝ աշխատանքդ հարստացնելով նոր եւ հետաքրքիր գաղափարներով», – եզրափակեց դերասանը:




Լրահոս