News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիային կոչ է արել չեղարկել Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները և սկսել համատեղ նախագծերը, գրում է Daily Sabah-ը։

Չորեքշաբթի օրը մայրաքաղաք Անկարայի նախագահական համալիրում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանն ասել է, որ Գերմանիան պետք է վերացնի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները։

Գերմանիան կտրուկ կրճատել է ռազմական արտահանումը Թուրքիա այն բանից հետո, երբ վերջինս հակաահաբեկչական գործողություն է սկսել Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։

Անկարան նաև դժգոհել է, որ Գերմանիան արգելափակում է Թուրքիայի կողմից Eurofighter ինքնաթիռների ձեռքբերումը։

Էրդողանն ասել է, որ իրենց երկրները պետք է ապագայում կենտրոնանան համատեղ արտադրական նախագծերի վրա։

Էրդողանը նաև մտահոգություն է հայտնել Եվրոպայում ահաբեկչական խմբավորումների գործունեության վերաբերյալ և ասել, որ Գերմանիայի իշխանություններից ավելի մեծ ջանքեր է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարում։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքի հակամարտության հարցին, որում նա տարաձայնություն է ունեցել Գերմանիայի նախագահի հետ։

Թուրքիան բազմիցս դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում և ասել, որ ՀԱՄԱՍ-ը դիմադրության խմբավորում է, ի տարբերություն Գերմանիայի, որն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին։

«Իսրայելի վարչակազմին չի կարելի թույլ տալ, որ փորձի թաքցնել իր վայրագությունները, Գազայում իրականացված ջարդերը»,- ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի ակտիվացնել ջանքերը՝ Գազայում հրադադարի հասնելու և պաղեստինյան ժողովրդին մարդասիրական օգնության անխափան հոսք ապահովելու համար։

Շտայնմայերն իր հերթին ասել է, որ թուրք-գերմանական հարաբերությունները երկար պատմություն ունեն՝ նշելով, որ Գերմանիայում ապրում է 3 միլիոն թուրք։

Նա ասել է, որ Գերմանիան և Թուրքիան դժվար տնտեսական ժամանակներ են ապրում և պետք է ամրապնդեն իրենց կապերը:

Շտայնմայերը Թուրքիա է ժամանել երկուշաբթի օրը, և նրա առաջին կանգառը Ստամբուլն է եղել. անսովոր ժամանակացույց նախագահի համար, որն այցելում է երկիր և ավանդաբար առաջինը հանդիպում է մայրաքաղաքում պետության ղեկավարի հետ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ