News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

ԱԺ–ից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Կնյազ Հասանովը, Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-սիրիական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրի համար. հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է ճակատագրական նշանակություն:

«Մենք երախտագիտությամբ ենք հիշում Սիրիայի ժողովրդի գրկաբաց եւ ջերմ վերաբերմունքը, 20-րդ դարասկզբին Ցեղասպանությունից փրկված հայերին սիրիացի ժողովրդի կողմից ապաստանելը եւ հոգատար մոտեցումը»,- նշել է Հակոբ Արշակյանը: Հայ-սիրիական ջերմ եւ գործընկերային հարաբերությունների ամրապնդման հարցում ընդգծվել է սիրիահայ համայնքի կարեւոր դերակատարումը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը մանրամասն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին: Նա բարձրաձայնել է նաեւ Բաքվում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների եւ ապօրինի պատանդառված քաղաքացիական անձանց խնդիրը:

Խոսելով դրական զարգացումների մասին՝ նշվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված նորմերի վրա: Հակոբ Արշակյանը վերահաստատել է, որ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն այլընտրանք չկա, եւ Հայաստանը մշտապես հանդես է գալիս խաղաղության դիրքերից:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Այն ուղղված է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչը եւս երկրների զարգացման եւ տարածաշրջանային խաղաղության հաստատման գրավական է:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Սիրիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ վերահաստատելով Սիրիայի տարածքային ամբողջականության եւ բոլոր կոնֆլիկտները ներքին ուժերով հաղթահարելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահն ընդգծել է, որ սիրիական կողմն աջակցում է Հայաստանի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին եւ համոզմունք հայտնել, որ խաղաղության ջատագով բոլոր ազգերը կլինեն հայ ժողովրդի կողքին: Մուհամմադ Ալ-Աջլանին աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ տեղի ունեցող սահմանազատման ու սահմանագծման գործընթացին՝ նշելով, որ պետք է վերադարձվեն բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին՝ միջազգային իրավունքի ուժով: Որպես հարաբերությունների կարգավորման հաղթահարման ուղենիշ՝ փոխնախագահը նշել է թշնամանքի լեզվով խոսելու բացառումը:

Կողմերը փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում ընդգծել են միջխորհրդարանական փոխգործակցության առանձնահատուկ նշանակությունը:

Այս համատեքստում մեծապես կարեւորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել Սիրիայի իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ, որի դրսեւորումներից է Ժողովրդական ժողովում հայազգի պատգամավորների ներկայությունը:

Անդրադարձ է եղել երկկողմ փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին, հարաբերությունների խթանմանն ուղղված քայլերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ