Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տրվել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Օրինագծերով առաջարկվում է հստակեցնել համայնքի ավագանու անդամի անհամատեղելիության պահանջների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները։ Նախագծերով առաջարկվում է ավագանու անդամների համար սահմանել անհամատեղելիության պահանջների վերաբերյալ հստակ կարգավորումներ։
Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է համայնքի ավագանու անդամների այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները սահմանել ոլորտային օրենսդրությամբ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով։
Քննարկվող օրենքներում առաջարկվում է սահմանել, որ համայնքի ավագանու անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված որևէ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, համայնքային աշխատակազմերում, ինչպես նաև չեն կարող զբաղեցնել որևէ ղեկավար պաշտոն համայնքային կազմակերպություններում։