News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» տարեկան զեկույցում նշում է, որ ըստ քաղաքացիական հասարակության որոշ խմբերի, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ դաշտի բարելավումը կանգ է առել շահերի բախման, տեղեկատվության ազատության խնդիրների և կոռուպցիայի հետ կապված սակավաթիվ դատավճիռների պատճառով։

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի, օրենքը քրեական պատիժ է նախատեսում պաշտոնյաների կոռուպցիայի համար, և Հայաստանի կառավարությունը «ընդհանուր առմամբ արդյունավետ կերպով է կիրառել օրենքը»։

«Երկիրը համակարգային կոռուպցիա է ժառանգել բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ պետական ​​կառավարումը, խորհրդարանը, դատական ​​համակարգը, գնումների պրակտիկան, իրավապահ գործունեությունը և պետական  օգնության տրամադրումը: Մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, տեղեկություններ կային, որ պետական ​​պաշտոնյաները յուրացրել են պետական ​​միջոցները և կասկածելի առևտրային գործունեությամբ զբաղվել՝ հաճախ մերձավոր ազգականների և ընկերների միջոցով։ Ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունն աշխատել է 2018 թվականից համակարգային հակակոռուպցիոն բարեփոխումների միջոցով շտկել  այս ժառանգությունը:

Ըստ քաղաքացիական հասարակության որոշ խմբերի, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ դաշտի բարելավումը կանգ է առել շահերի բախման, տեղեկատվության ազատության խնդիրների և կոռուպցիայի հետ կապված սաավաթիվ դատավճիռների պատճառով, թեև ակտիվների բռնագանձման դեպքերը քաղաքացիական կարգով շարունակվել են»,- նշում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Զեկույցում նշվում է նաև, որ Հայաստանի կառավարությունը հարուցել և շարունակել է հետաքննել «նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հարազատների, պատգամավորների, նախկին նախագահների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ կոռուպցիայի վերաբերյալ, ինչպես նաև մի քանի հազարից մինչև միլիոնավոր դոլարների դրամական միջոցների հետ կապված բազմաթիվ քրեական գործեր»։

«Կոռուպցիոն բնույթի մի շարք քրեական գործեր, որոնք հասարակական լայն հնչեղություն են ունեցել, ուղարկվել են դատարան և տեղափոխվել դատական ​​վարույթ, որոշ քրեական գործեր նախաքննության փուլում էին։

Տարեվերջին շարունակվել է Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի, որը վարչապետ Փաշինյանի կաբինետի անդամ էր, և նախարարության 12 այլ պաշտոնյաների դատավարությունը բազմաթիվ կոռուպցիոն մեղադրանքներով»,- ասվում է Պետդեպարտամենտի զեկույցում։

Համաձայն զեկույցի, Հայաստանի իշխանությունները «շարունակել են ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ դաշտը՝ մի քանի ուղղություններով  իրագործելով իրենց հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը»։

«Օրինակ, 2022 թվականին Դատական ​​օրենսգրքում ընդունված փոփոխություններից հետո իշխանությունները ավարտել են հակակոռուպցիոն դատական ​​համակարգի երեք մակարդակների ստեղծումը և շարունակել նոր դատավորների ներգրավումը։ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը ծառայել է որպես կոռուպցիոն գործերով գլխավոր քննչական մարմին, շարունակել է լրացուցիչ քննիչների ընդունել։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագրավման վարչությունն  առգրավել է տասնյակ միլիոնավոր դոլարների ակտիվներ, որոնք  ձեռք են բերվել ենթադրյալ ապօրինի գործարքների արդյունքում, դատարան է ուղարկել այդ ակտիվների հետ կապված բազմաթիվ դատական հայցեր և շարունակվել է հարյուրավոր լրացուցիչ քրեական գործերով աշխատանքը»,- նշվում է զեկույցում:

Հիշատակվում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) աշխատանքի մասին, որն «իր լիազորություններն է իրականացրել դատավորների, դատախազների և այլ թեկնածուների, այդ թվում՝ հակակոռուպցիոն դատավորների և քննիչների և Հակակոռուպցիոն ծառայության պաշտոնյաների   ազնվության ստուգումներ իրականացնելու գործում»։

«Չնայած ԿԿՀ-ի անկաշառության ստուգումները խորհրդատվական բնույթ են կրել և, ըստ տեղեկությունների, երբեմն անտեսվել են համապատասխան մարմինների կողմից, փորձագետները հայտարարել են, որ ԿԿՀ-ի բացասական եզրակացությունների հիման վրա համապատասխան մարմինները որոշ թեկնածուների նշանակումը մերժել են:

Փետրվարին ԿԿՀ-ն  էլեկտրոնային հարթակ է ներդրել պետական ​​պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման համար՝ պետական կառավարման ոլորտի թափանցիկությունը բարձրացնելու և  կոռուպցիան նվազեցնելու նպատակով: 2022 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն,  ԿԿՀ-ն քննարկել է շահերի բախման, վարքագծի կանոնների խնդիրների և անհամատեղելիության և այլ սահմանափակումների դեպքերը, որոնք ստացվել են պետական տեղեկատուներից։ ԿԿՀ-ն նաև ստեղծել է գրանցամատյան՝ պետական ​​պաշտոնյաների կողմից ընդունվող նվերների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար»,- նշվում է  ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ