ԱՄՆ-ի և Կատարի ռազմածովային ուժերը վերսկսել են համատեղ զորավարժությունները

Պարսից ծոցի դիվանագիտական ճգնաժամի սկսվելուց հետո առաջին անգամ Կատարը և ԱՄՆ-ն պատրաստվում են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել. այս մասին տեղեկացնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկությունների համաձայն՝ զորավարժություններին մասնակցելու համար կատարական Համադ նավահանգիստ են ժամանել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը: Տեղեկացվում է նաև, որ ժամանումից անմիջապես հետո նավերի անձակազմերը հանդիպել են Կատարի ռազմածովային ուժերի հրամանատարության հետ: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Կատարի շուրջ ծագած իրավիճակը չի ազդել այդ երկրում ամերիկյան Էլ Ուդեյդ ռազմաբազայի աշխատանքի վրա, թեև որոշ դժվարություններ են առաջացել ռազմական գործողությունների  երկարաժամկետ պլանավորման հետ: Ռազմաբազայում 11 հազար զինվորականներ կան ԱՄՆ-ից և միջազգային կոալիցիայի երկրներից: Ռազմաբազան մեծ նշանակություն ունի Իսլամական պետության դեմ գործողություններ իրականացնելու համար:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, վերջերս Կատարի պաշտպանության նախարար Հալեդ բեն Մուհամեդ ալ-Աթըյյան հանդիպում է ունեցել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի հետ, որի ընթացքում նրանք «քննարկել են համատեղ շահերը, ներառյալ ԻՊ-ի դեմ տարվող գործողությունները, Կատարի և հարևան երկրների միջև լարվածության նվազման կարևությունը»: Կողմերը քննարկել են նաև Կատարի կողմից McDonnel Douglas F-15 Eagle ամերիկյան  կործանիչների ձեռքբերման վերջնական քայլերը, որոնց արժողությունը մոտավորապես 12 միլիարդ դոլար է:

Defense News լրատվականը, հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրներին, տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն կարող է զինամթերք մատակարարել նաև Սաուդյան Արաբիային: Մայիսի վերջին Դոնալդ Թրամփն իր առաջին պաշտոնական այցը կատարեց Ռիադ, որի արդյունքը եղավ ԱՄՆ-ի պատմության մեջ ռազմամթերքի ամենախոշոր գործարքը՝ 110 միլիարդ դոլար արժողությամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Բահրեյնը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Լիբիան, Մալդիվյան հանրապետությունը, Մավրիկին, Մավրիտանիան, Կոմորյան կղզիները, Հորդանանը և Ջիբութին խզեցին դիվանագիտական կապերը Կատարի հետ ՝ նրան մեղադրելով ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսություններին աջակցելու մեջ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.