Իրանի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են ահաբեկիչների դիրքերը Սիրիայում

Իրանի «իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսը Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ ուղարկել է վեց հրթիռ, որոնք հաջողությամբ խոցել են նախանշված բոլոր թիրախները։ Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջին հեռահարության 6 բալիստիկ հրթիռ է արձակվել Դեր Զորում գտնվող ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ։ Հրթիռներն, անցնելով Իրաքի օդային սահմահը, հաջողությամբ խոցել են թիրախները։

Աելի վաղ Իրանի Զինված ուժերը հաղորդագրություն էին տարածել, որ միջին հեռահարության «երկիր-երկիր» դասի հրթիռները բաց են թողնվել Քերմանշահ շրջանից։

«Ի պատասխան հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության՝ Իրանի «իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսը հրթիռային հարվածներ է հասցրել ահաբեկիչների՝ Դեր Զորում գտնվող դիրքերին։ Հարվածների հետևանքով ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ ինչպես նաև նրանց պատկանող զինտեխնիկա», - ասվում է Իրանի ԶՈւ տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հարվածները հասցվել են ահաբեկիչներին և նրանց սատարողներին հասկացնելու, որ Իրանի ժողովրդի դեմ հաջորդ նման ոտնձգության դեպքում դրա կազմակերպիչները և կատարողները կուղարկվեն դժոխք։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին մի խումբ ահաբեկիչներ գրոհել էին Իրանի ազգային ժողովի շենքը: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 18 մարդ, վիրավորվել էր՝ 50-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.