Եվրահանձնաժողովը տուգանել է Google-ին 2,42 միլիարդ եվրոյով

Եվրոպական հանձնաժողովը 2,42 միլիարդ եվրոյով տուգանել է Google ընկերությանը՝ որոնողական համակարգերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար. այս մասին տեղեկացնում է CNN-ը:

«Եվրահանձնաժողովը 2,42 միլիարդ եվրո տուգանք է նշանակել Google-ին՝ Եվրամիության հակամենաշնորհային օրենսդրության կանոնները խախտելու պատճառով»,- ասվում է կառույցի հայտարարության մեջ:

Ինչպես նշում է CNN-ը, հանձնաժողովը պարզել է, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան «սպառողներին իրական ընտրության հնարավորություն» չի տվել՝ օգտագործելով որոնողական համակարգը նրանց անարդացիորեն իր իսկ առևտրային հարթակ տանելու համար:

Հանձնաժողովի կարգավորողները հայտնել են, որ Google-ը պետք է փոխի իր գորելաոճը 90 օրվա ընթացքում, հակառակ դեպքում նրան նոր տուգանքներ են սպասվում:

«Այն, ինչ արել է Google-ը, հակասում է ԵՄ-ի հակամենաշնորհային օրենսդրությանը: Այն այլ ընկերություններին մրցակցելու և բարգավաճելու հնարավորություն չի տվել: Եվ ամենակարևորը, այն հնարավորություն չի տվել եվրոպացի գնորդներին ծառայությունների իրական ընտրություն կատարել և օգտվել դրանցից»,- ասել է հակամենաշնորհային հարցերով եվրահանձնակատար Մարգրեթ Վեստագերը:

Google-ի ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ իրենք ցուցադրել են այն գովազդները, որոնք օգտակար են գնորդների և վաճառողների համար: Նա նշել է նաև, որ իրենք պատրաստվում են քննարկել Եվրահանձնաժողովի որոշումը և բողոքարկել այն:

Վեստագերը հայտնել է, որ Google-ի մրցակիցները կարող են փոխհատուցում պահանջել նրանից ԵՄ-ի դատարանների միջոցով: Նա ասել է, որ 100-ավոր ընկերություններ, այդ թվում և ամերիկյան, դժգոհել են Google-ի՝ առևտրային ծառայությունները ներկայացնելու ձևից:

CNN-ի փոխանցմամբ՝ Google-ի սեփականատեր Alphabet ընկերության բաժնետոմսերի նախնական շուկայական գինը նվազել է 1,2%-ով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.