ՆԱՏՕ-ի անդամ 15 երկիր լրացուցիչ զորքեր է ուղարկելու Աֆղանստան

ՆԱՏՕ-ի անդամ 15 պետություն հայտարարել է, որ հավելյալ զորքեր կուղարկի Աֆղանստան. դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«Ես կարող եմ հաստատել, որ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է ռազմական ներկայությունն Աֆղանստանում: 15 պետություն արդեն հաստատել է հավելյալ ուժերի տեղաբաշխման մասին, ես այսօր ավելի շատ ակնկալիքներ ունեմ: Խոսքը ոչ թե մարտական առաքելությունների վերսկսման մասին է, այլ ազգային ուժերին աջակցելու և պատրաստելու ՆԱՏՕ-ի առաքելության ամրապնդման»,- ասել է Սթոլթենբերգն՝ ընդգծելով, որ հիմնական շեշտը դրվելու է աֆղանական հատուկ նշանակության ջոկատների, օդուժի, ինչպես նաև թիկունքային պաշտպանության  և հրամանատարության ամրապնդման վրա:

Նրա խոսքերով՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հրամանատարությունն ընդհանուր առմամբ 4000 զինվորական է պահանջել:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է 100 զինվոր ուղարկել Աֆղանստան՝ հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության շրջանակներում:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՆԱՏՕ-ն ավարտել է Աֆղանստանից մարտական ուժերի դուրսբերումը 2014 թ.: Այդ ժամանակից ի վեր երկրում վերահսկողություն են իրականացնում դաշինքի «Վճռական աջակցություն» առաքելությունը՝ 13,5 հազար մարդ: Դրա խնդիրների մեջ է մտնում աֆղանական ազգային անվտանգության ուժերի՝ ընդհանուր առմամբ 350 հազար մարդ, վերապատրաստում, թիկունքային պաշտպանության ամրապնդում և հետախուզական տվյալների ապահովում: Ազգային բանակի ֆինանսավորումը նույնպես իրականացվում է հյուսիսատլանտյան դաշինքի երկրների կողմից՝ տարեկան 5 միլիարդ դոլարի սահմաններում:

Չնայած այս միջոցառումներին՝ վերջին տարիներին Աֆղանստանում ակտիվացել է ըննդիմադիր «Թալիբան» շարժումը՝ մեծ հաջողությունների հասնելով երկրում և գրավելով տարածքի 40%-ը: Բացի այդ 2015 թ. Աֆղանստանում դիրքերն ամրապնդել են Իսլամական պետության հետ կապ ունեցող գրոհայինների խմբերը, որոնք պայքարում են ոչ միայն Քաբուլի իշխանությունների, այլև թալիբների դեմ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.