Թիլերսոնն ամփոփել է Թրամփի և Պուտինի հանդիպման արդյունքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեն նշանակել հաջորդ հանդիպման օրը. այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Առաջնորդների հանդիպումը կառուցողական էր, նրանց միջև ակնհայտորեն փոխադարձ համակրանք ձևավորվեց: Դա շատ լավ սկիզբ էր»,- կարծում է պետքարտուղարը:

Թիլերսոնի խոսքերով՝ Թրամփն ու Պուտինը երկար ժամանակ քննարկել են սիրիական հարցը, սակայն նախկին խնդիրների վերաբերյալ վեճերը շարունակական չեն եղել: Նախագահները չեն ցանկացել ավարտել հանդիպումը, անգամ առաջին տիկին Մելանիա Թրամփն է փորձել համոզել նրանց ամփոփել զրույցը, սակայն ապարդյուն:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ Վաշինգտոնը և Մոսկվան նույն նպատակն են հետապնդում Սիրիայում: Այդուհանդերձ, նա չի բացառել, որ ռուսական դիրքորոշումն ավելի հիմնավոր է, քան ամերիկյանը:

Նա նշել է նաև, որ զրույցի ընթացքում Թրամփը մի քանի անգամ խոսել է ԱՄՆ-ի նախընտրական գործընթացին Ռուսաստանի ենթադրյալ միջմտության մասին: Ռուսական առաջնորդն իր հերթին հերքել է այդ միջամտությունը:

Պետքարտուղարը հայտնել է, որ Թրամփն ու Պուտինը համաձայնության են եկել կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:

Բացի այդ, առաջնորդները համակարծիք են եղել Սիրիայի ապագա ղեկավարության վերաբերյալ քննարկումներ անցկացնելու հարցում: ԱՄՆ-ի կարծիքով` Սիրիայի ներկայիս առաջնորդ Բաշար Ասադը երկար քաղաքական կյանք չի ունենա, բայց թե ինչպես կհեռանա իշխանությունից դեռևս պարզ չէ:

«ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Հորդանանի միջև հուշագիր է կնքվել՝ Սիրիայի հարավարևուտքում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ: Դա բխում է Հորդանանի շահերից և ընդհանուր առմամբ Սիրիայում տիրող դժվար իրավիճակի բաղկացուցիչ մասն է: Կարծում եմ՝ սա ապացուցում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են միասին աշխատել Սիրիայում»,- Թիլերսոնի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Ռուսաստանից խնդրել ավելին անել Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: «Փհենյանի հարցում մենք որոշակի մարտավարական տարաձայնություններ ունենք Ռուսաստանի հետ: Նախագահ Պուտինը կողմ է այդ ծրագրերի սառեցմանը, սակայն եթե իրավիճակը դիտարկենք վերջին 25 տարվա կտրվածքով, կհասկանանք, որ դա պետք է կատարվեր շատ վաղուց, իսկ այսօր Հս. Կորեան զգալի միջուկային հնարավորություններ ունի: Մենք ցանկանում ենք բանակցությունների միջոցով հասկացնել Փհենյանին, որ անհրաժեշտ է փոխել ծրագրի դադարեցման ուղին, այլ ոչ թե թողնել այժմյան մակարդակի վրա»,- ասել է պետքարտուղարը:

Ամփոփելով իր ելույթը՝ Թիլերսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կողմ են երկկողմ հարաբերություններում «առաջ շարժվելուն»՝ կանգ չառնելով Մոսկվային վերագրվող միջամտության և ԱՄՆ-ի Սենատի կողմից հակառուսական պատժամիջոցների խստացման վրա:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.