Ուկրաինան և Թուրքիան տեսանելի ապագայում չեն դառնա Եվրամիության անդամ․ Գերմանիայի ԱԳ նախարար

Ուկրաինան և Թուրքիան տեսանելի ապագայում չեն դառնա Եվրոպական Միության անդամ։ Այս մասին Funke լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելը։

«Ես չեմ պատկերացնում, որ առաջիկա տարիներին Ուկրաինան և Թուրքիան կարող են դառնալ Եվրամիության անդամ», - ասել է Գաբրիելը։

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն, այնուամենայնիվ, կողմ է հանդես եկել այս երկրների հետ ավելի սերտ համագործակցության այլընտրանքային ճանապարհներ որոնելուն։ Նրա խոսքով՝ նման համագործակցության օրինակ կարող է լինել Բրյուսելի և Լոնդոնի միջև հարաբերությունները Brexit-ի կենսագործումից հետո։

«Եթե մենք կարողանանք հասնել խելամիտ համաձայնության, որը կկարգավորի Եվրոպայի հետ հարաբերություններ Brexit-ից հետո, ապա դա լավ օրինակ կլինի Ուկրաինայի և Թուրքիայի համար», - շարունակել է Սիգմար Գաբրիելը։

Անդրադառնալով Թուրքիայի հետ համագործակցությանը՝ նախարարը նշել է, որ դա հնարավոր չէ, քանի դեռ այդ երկրում իրավիճակը չի բարելավվել։

Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները վերջերս բավական լարված են՝ կապված Թուրքիայում Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիների ձերբակալության հետ։

Գերմանիայի իշխանությունների հայտնած տվյալների համաձայն՝ թուրքական բանտերում պահվում է Գերմանիայի ավելի քան 50 քաղաքացի, որոնցից շատերի ազատազրկումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.