Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Եմենում զոհվել է 68 մարդ

Դեկտեմբերի 26-ին Եմենի երկու նահանգներին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևաքով զոհվել է 68 մարդ։ Այս մասին գրում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ հղում կատարելով Եմենում ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերով վարչության ղեկավար Ջեյմի Մակգոլդրիկի հայտարարությանը։

Աղբյուրի համաձայն՝ առաջին հարվածը հասցվել է Թաիզ նահանգի շուկաներից մեկին, որտեղ զոհվել է 54 մարդ, որոնց թվում՝ 8 երեխա։ Երկրորդ հարվածը հասցվել է Էլ Հոդեյդա նահանգին։ Այստեղ զոհվել են մեկ ընտանիքի 14 անդամներ։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.