ԱՄՆ Կոնգրեսը ժամանակավորապես ֆինանսավորել է դաշնային կառավարության գործունեությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ հունվարի 23-ին կայացած նիստին ընդունվել է բանաձև, ըստ որի՝ մինչև փետրվարի 8-ը երկարաձգվում է դաշնային կառավարության ֆինանսավորումը։ Այն 2013 թ․ սկսած առաջին անգամ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանաձևին կողմ է քվեարկել 266 կոնգրեսական, իսկ դեմ՝ 150-ը։ Ավելի վաղ նույն բանաձևը հավանության էր արժանացել նաև Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում։ Այստեղ կողմ էր արտահայտվել 81, իսկ դեմ՝ 18 սենատոր։ Այժմ այս բանաձևը պետք է հավանության արժանացնի նաև նախագահ Դոնալդ Թրամփը։

Նշվում է, որ նիստից առաջ Սենատում հանրապետականների և դեմոկրատների առաջնորդները կարողացել էին համաձայնության գալ, ինչի շնորհիվ բանաձևն ընդունվել էր։

Սկզբում ընդդիմադիրները պահանջում էին բյուջեի նախագծում միջոցներ ներառել նաև անչափահաս տարիքում ԱՄՆ մուտք գործած ներգաղթյալների պաշտպանության համար, որին դեմ էին հանդես գալի հանրապետականները։ Հենց այս հակասության պատճառով էլ օրեր առաջ դեմոկրատները արգելափակեցին բյյուջեի նախագծի քվեարկությունը, և կառավարությունը դադարեցրեց իր գործունեությունը։

Հանգստյան օրերի ընթացքում տեղի ունեցած բանակցություններն, ի վերջո, արդյունք տվեցին։ Դեմոկրատները համաձայնեցին կողմ քվեարկել նախագծին, որի ընդունումից հետո պետք է սկսվի միգրացիայի ոլորտում բարեփոխումներ իրականացնելու բանակցությունները։

Հատանշկան է նաև, որ 2018 թ․ ֆինանսական տարվա ամբողջական բյուջեի նախագիծը դեռ ընդունված չէ։

Միացյալ Նահանգներն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որտեղ կառավարությունը չի կարող ամբողջությամբ գործել բյուջեի բացակայության պարագայում։ Դաշնային կառավարության «փակումը» հազվադեպ, բայց ոչ աննախադեպ երևույթ է ԱՄՆ-ում։ Վերջին անգամ նման դեպք տեղի էր ունեցել 2013 թվականի աշնանը։ Նման դեպքերում Կոնգրեսի երկու կուսակցություններն էլ միմյանց են մեղադրում բյուջետային ճգնաժամի մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.