Եվրամիությունը պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ամերիկյան սահմանափակող միջոցներն ազդեն միության արտահանման վրա
Եվրոպական Միությունը ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան քայլեր կձեռնարկի, եթե առևտրի ոլորտում Վաշինգտոնի սահմանափակումները որևէ կերպ ազդեն միության արտահանման վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հատարարել է ԵՄ հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը։
«Եվրամիությունը պատրաստ է օպերատիվ կերպով արձագանքել, եթե առևտրի ոլորտում ԱՄՆ-ի սահմանափակող միջոցները որևէ ազդեցություն ունենան մեր արտահանման վրա», - ասել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը։
Սխինասի խոսքով՝ Եվրամիության համար առևտրի մեջ չկան հաղթողներ և պարտվողներ։
«Մենք հավատում ենք, որ առևտրի մեջ հաղթող պետք է լինեն բոլորը։ Կարծում ենք՝ առևտուրը պետք է լինի ոչ միայն բաց և ազնիվ, այլ նաև՝ օրենքի վրա հիմնված», - շարունակել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Եվրամիությունն «առևտրի ոլորտում ազնիվ չի գործում ԱՄՆ-ի հետ, ինչը կարող է ավելի խորը հետևանքներ ունենալ»։ Նա նշել էր, որ ամերիկյան արտադրանքը մեծ դժվարությամբ է հասնում եվրոպական շուկա, մինչդեռ ԵՄ անդամ երկրներն իրենց ապրանքները Միացյալ Նահանգներ են ուղարկում «շատ ցածր մաքսատուրքերով»։