Շվեդիայում գնալով արագանում է անկանխիկ վճարումների տեմպերը․ Bloomberg

«Կանխիկ վճարումներ չեն ընդունվում» գրությամբ նշանները գնալով ավելանում են Շվեդիայի խանութներում և սննդի կետերում։ Կանխիկ վճարումների նվազման տեմպն սկսել է անհանգստացնել երկրի իշխանություններին։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Կենտրոնական բանկը նախաձեռնել է գործող օրենսդրության համապարփակ ուսումնասիրություն՝ տիրող իրավիճակի լույսի ներքո: Այս հարցով միջանկյալ զեկույցը հրապարակվելու է այս ամռանը:

«Եթե կանխիկի անհետացումը զարգանա արագ տեմպերով, շատ բարդ կլինի պահպանել ենթակառուցվածքները», - ասել է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Մաթս Դիլենը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել։

Շվեդիայի բնակչությունը համարվում է աշխարհում ամենաշատ անկանխիկ վճարումներ կատարող հասարակությունը։ Երկրում գործող բանկերի մասնաճյուղերի մեծ մասը դադարել է կանխիկ գումար տրամադրել։ Բազմաթիվ խանութներ, թանգարաններ և ռեստորաններ սկսել են ընդունել միայն բանկային քարտերով կամ առցանց վճարումներ։

Այս իրավիճակն ունի նաև իր բացասական կողմը․ բազմաթիվ մարդիկ՝ հիմնականում տարեցները, չունեն թվային վճարումներ կատարելու հնարավորություն։

Նախորդ տարի Շվեդիայում շրջանառվող կանխիկ գումարի չափը նվազել էր՝ հասնելով 1990 թ․ նվազագույն ցուցանիշին և այժմ 40%-ով պակաս է 2007 թ․ ամենաբարձր ցուցանիշից։

Անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ 2017 թ․ շվեդների միայն 25%-ն էր շաբաթը գոնե մեկ անգամ կանխիկ առևտուր անում, մինչդեռ չորս տարի առաջ այս ցուցանիշը 63% էր։ Բնակչության 36%-ն ընդհանրապես չի օգտագործում կանխիկ գումար, կամ դրանով առևտուր է անում տարեկան ընդամենը մեկ կամ երկու անգամ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.