Անկարան կարծում է, որ ռուսական Ս-400-ի ձեռքբերումը չի խանգարի ամերիկյան կործանիչներ գնելուն

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգի գնման մասին համաձայնությունը չի խանգարի ամերիկյան Ֆ-35 կործանիչների ձեռքբերմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին։

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Վոլկան Բոզքըրը հայտարարել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը կարող է արգելել Ֆ-35 կործանիչների վաճառքը Թուրքիային՝ որպես պատասխան քայլ ռուսական Ս-400 համակարգի ձեռքբերման։ Այս հայտարարությունից առաջ ամերիկացի կոնգրեսականները դիմել էին պետքարտուղարություն՝ խնդրելով պարզաբանել, արդյոք արժե պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։

«Ս-400-ի ձեռքբերման հետ խնդիրներ չկան։ Այն կարող է գնվել պայմանավորված ժամկետներից ավելի վաղ։ Այն չի ազդի ամերիկյան Ֆ-35-ի ձեռքբերման վրա», - ասել է Ջանիքլին։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մոսկվայի հետ արդեն կնքվել է Ս-400-ի գնման համաձայնագիրը, և նույնիսկ կանխավճար է տրվել։ Սեպտեմբերի վերջին այս լուրը հաստատել էր նաև ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցութան հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը՝ ընդգծելով, որ այդ հարցն արդեն «չի քննարկվում»։

Նշենք, որ առաջին անգամ Թուրքիան Ս-400 համակարգով հետաքրքրվել է դեռ 2009 թվականին: Այն ժամանակ, սակայն, համագործակցությունը դադարեցվել է:

Հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային Ս-400 համակարգը նախատեսված է բալիստիկ հրթիռների և ինքնաթիռների խոցման համար: Թիրախները կարողանում է խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.