Գերմանիայում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ կան զոհեր

Այսօր՝ ապրիլի 7-ին, Գերմանիայի Մյունստեր քաղաքում բեռնատարը մխրճվել է հետիոտնային անցումով անցնող մարդկանց բազմության մեջ։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 30-ը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ շատ մեծ մի բեռնատար մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 30-ը, որոնցից 6-ը պայքարում են կյանքի համար», - հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։

Նշվում է, որ բեռնատարի վարորդն ինքնասպան է եղել։ Նրա կատարած հարձակման դրդապատճառները հայտնի չեն։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ բեռնատարի վարորդի ինքնության մասին տեղեկություններ դեռ չեն կարող հաղորդել։

Չնայած ողբերգության հանգամանքներին՝ իրավապահները ձեռնպահ են մնում տեղի ունեցածը որպես ահաբեկչական գործողություն անվանելուց։

«Այդ հաշվով դեռ տեղեկություն չունենք։ Հետաքննություն է վարվում բոլոր ուղղություններով», - նշում են ոստիկանությունում՝ ընդգծելով, որ իրավիճակն այս պահին ամբողջությամբ վերահսկվում է։

Ավելի վաղ Rheinische Post պարբերականը հաղորդել էր վրաերթի հետևանքով գրանցված զոհերի և վիրավորների մասին՝ տեղի ունեցածն անվանելով ահաբեկչական գործողություն։

Westfälische Nachrichten թերթի փոխանցմամբ՝ վիրավորվել է մոտ հինգ տասնյակ մարդ։ Մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ բեռնատարը վրաերթի է ենթարկել նաև սրճարանում նստած մարդկանց։

Ներկա պահին դեպքի վայրը շրջափակված է։ Ոստիկանությունը մարդկանց կոչ է անում զերծ մնալ քաղաքի կենտրոն այցելելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.