Լավրովն օրինակելի է համարում Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը

Եվրոպական միությունը պետք է հրաժարվի հետխորհրդային երկրների հետ հարաբերություններում «կամ Ռուսաստանը կամ Եվրամիությունը» արատավոր տրամաբանությունից։ Այս մասին հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա ընդգծել է, որ պետք չէ «հետխորհրդային երկրներին դնել ընտրության առջև․ կամ Ռուսաստանը, կամ Արևմուտքը»։

«Սա պարզապես գաղափարայնացված և քաղաքականացված մոտեցում է», - նշել է Լավրովը։

«Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ գործնականում ընդհանրապես անիմաստ չէ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով։ Ընդհակառակը, սա հաղթող քաղաքականություն է և ձեռնտու է տվյալ պետությանը», - շարունակել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Հայաստանը քայլ է կատարել ճիշտ ուղղությամբ՝ Եվրամիության հետ հարաբերությունները տեղափոխելով այլ հարթություն։

«ԵՄ-ը պետք է հրաժարվի «կամ կամ»-ի քաղաքականությունից, ինչը հանգեցրեց 2014 թ․ Ուկրաինայի դեպքերին։ Սա շատ կարևոր է այն բանի համար, որ չխախտվեն  Հայաստանի, Ադրբեջանի կամ «Արևելյան գործընկերության» անդամ մյուս պետությունների իրավունքները և վնաս չհասցվի նրանց շահերին։ Սա հավասար է նրան, որ նշված պետությունը զրկվի իր բոլոր հարևանների հետ հարաբերությունները լիարժեք զարգացնելու և համագործակցելու հնարավորությունից», - ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ Մոսկվան դրական է նայում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետագա հարաբերություններին։

Լավրովը հիշեցրել է, որ դեռ երեք տարի առաջ ԵԱՏՄ-ը Եվրամիությանն առաջարկել էր համագործակցել, սակայն վերջինս քաղաքական դրդապատճառներից ելնելով հրաժարվել էր Եվրասիական տնտեսական միությանը ճանաչել որպես լիիրավ գործընկեր։  

«Եվրոպական տնտեսական հանձնաժողովը, ինչպես նաև Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայությունը սկսել է մասնագետների մակարդակով կապ հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ։ Շատ կարևոր է, որ այս կապերն ավելի ամրապնդվեն և դառնան շարունակական։ Կարծում եմ՝ սա հենց առաջին քայլն է, որովհետև կյանքը ստիպելու է մեր եվրոպացի գործընկերներին աշխատել Եվրասիական տնտեսական միության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ, որն, ի դեպ, ինչպես և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), ղեկավարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի», - Լավրովի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Աղբյուր՝  http://tass.ru/politika/5105340?utm_source=facebook.com&utm_medium=socia...

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.