Թրամփը խոսել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամկետների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ իր հանդիպումը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ տեղի կունենա առաջիկա մայիսին, կամ հունիսի սկզբին։

Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին հայտարարել է նախարարների հետ Սպիտակ տանը կայացած խորհրդակցության ժամանակ։

Թրամփը հայտնել է նաև, որ պահպանվում են կապերը Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ձգտում է Փհենյանի հետ միջուկային ծրագրի հարցով հասնել «արդար գործարքի»։

«Այժմ, երբ առջևում Հյուսիսային Կորեայի հետ հանդիպումն է, շատ հետաքրքիր է լինելու ամբողջ աշխարհի համար», - ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ զրույցի ժամանակ հայտարարել էր Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։

Դեռ չի որոշվել տվյալ հանդիպման վայրը։ ԱՄՆ-ին և Հյուսիսային Կորեային հանդիպման հարթակ տրամադրելու պատրաստակամությամբ հանդես է եկել Շվեդիան։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ նաև Ռուսաստանի Հեռավոր Արևելքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնի, Սեուլի և Փհենյանի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Ֆինլանդիայում։ Այստեղ քննարկվել է եռակողմ հանդիպում կազմակերպելու հնարավորության հարցը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.