Դոնալդ Տուսկը և Ժան Կլոդ Յունկերը շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: 

Այս մասին ասվում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Ձե՛րդ Գերազանցություն,

Ցանկանում ենք շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել ամենայն բարիք այս կարևոր մանդատի իրականացման գործում: Մենք ողջունում ենք, որ այս օրերի ընթացքում բոլոր կողմերը խուսափեցին առճակատումից և ցուցաբերեցին զսպվածություն և պատասխանատվություն:

Մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ Ձեր նոր պաշտոնում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների շարունակական ամրապնդման նպատակով, մասնավորապես՝ Հայաստանի խորհրդարանի միաձայն հավանությանն արժանացած ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով, այդ թվում՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և ստեղծել բարգավաճ և դիմակայուն տնտեսական ու սոցիալական համակարգ՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Հավատացած ենք, որ այս կարևոր նպատակների իրագործման համար շարունակում է առանցքային մնալ Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարների միջև համապարփակ երկխոսությունը:

Վերջում, մենք ակնկալում ենք Ձեր դրական ներգրավվածությունը Արևելյան գործընկերության շրջանակում, ինչպես նաև Հայաստանում և տարածաշրջանում անվտանգության, կայունության, ժողովրդավարության ու բարեկեցության առաջմղման գործում»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.