Փհենյանը սպառնում է չեղարկել ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը

Փհենյանը սպառնում է չեղարկել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև բարձր մակարդակի գագաթնաժողովը Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների համատեղ զորավարժությունների պատճառով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Yonhap գործակալությանը։

«ԱՄՆ-ը ստիպված է լուրջ քննարկումներ անցկացնել ԿԺԴՀ-ի հետ առաջիկա գագաթնաժողովի ճակատագրի վերաբերյալ, ինչի նախաշեմին Հարավային Կորեայի հետ համատեղ անցկացվում են սադրիչ զորավարժություններ», - ասվում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ։

ԿԺԴՀ իշխանությունները սպառնացել էին նաև չեղարկել Հարավային Կորեայի հետ կայանալիք բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենային Փհանմունջոմ կոչվող սահմանային գոտում։

Հիշեցնենք, որ այս նույն վայրում երկու Կորեաների ղեկավարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 27-ին։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները ստորագրել էին «խաղաղության, Կորեական թերակղզու բարգավաճման և վերամիավորման մասին» համատեղ հայտարարության տակ։ Սեուլը և Փհենյանը հաստատել էին, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ին Սինգապուրում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.