Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահն ընդգծել է ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, եւ նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության հետագա խորացմամբ:

Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը շնորհավորել է Հանրապետության նախագահին պաշտոնը ստանձնելու և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ:

Բարձր գնահատելով հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքը՝ Բրիջիտ Բրինքն ասել է. «Ուզում ենք գովեստով փաստել վերջին շրջանի բողոքների խաղաղ հանգուցալուծման նպատակով Ձեր ձեռնարկած միջնորդման և խրախուսման կարևոր քայլերը: Միացյալ Նահանգները կշարունակի գործակցել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, ամերիկյան ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորման, մարդու իրավունքների խթանման և զբոսաշրջության զարգացման հարցերում»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.