Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի պետական տոնի առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և շնորհավորել դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը (president.am

Նախագահ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Այդ նշանակալից օրը պետականաշինության եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համակարգային վերափոխումների սկիզբ է դրել, որով Ռուսաստանի եղբայրական ժողովուրդն իրավամբ հպարտանում է: Ձեռք բերված հաջողություններն էլ ավելի են ամրապնդել երկրի դերն ու հեղինակությունը համաշխարհային ասպարեզում:

Մեր երկու ժողովուրդների փոխհարաբերություններրի խորը արմատները, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության ամուր կապերի, վստահության եւ փոխօգնության վրա, այսօր նպաստում են Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ դաշնակցային փոխգործակցության ընդլայնմանը:

Համոզված եմ, որ բազմակողմ միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հետագայում եւս բխելու է մեր ժողովուրդների եւ երկրների հիմնական շահերից, նպաստելու է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովմանը:

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ ամենայն բարիք , իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.