Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը կարևորել է համանախագահների դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում և համոզմունք հայտնել, որ կձևավորվի արդյունավետ համագործակցություն: 

Համանախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ վստահեցնելով, որ կներդնեն բոլոր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Հանդիպման մասնակիցները կարևորել են կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած հանձնառություններին, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վարչապետին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։

Հանրապետության վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: 

Զրուցակիցները քննարկել են բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձել հակամարտության գոտում իրավիճակին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.