Թուրքիան ձեռք է բերել ամերիկյան F-35 կործանիչներ

Թուրքիան ստացել է ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի երկու կործանիչ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին։

Աղբյուրի համաձայն՝ ինքնաթիռների փոխանցման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Ֆորտ Ուերտ քաղաքում։ Արարողությունից հետո կործանիչներն ուղևորվելու են Արիզոնայում գտնվող ավիաբազա, որտեղ թուրք օդաչուների համար դասընթացներ կանցկացվեն։ Ակնկալվում է, որ Անկարան ձեռք կբերի ավելի քան հարյուր F-35  կործանիչ։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրինագիծ Պենտագոնի՝ 2019 թ․ ֆինանսական տարվա բյուջեի մասին, ըստ որի` պաշտպանության նախարարը զրկվում է Թուրքիային ամերիկյան զինատեսակներ, այդ թվում՝ F-35  կործանիչներ մատակարարելու մասին որոշումներ կայացնելու հնարավորությունից՝ կապված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.