Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը կժամանի Երևան

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը, որը կկայանա հունիսի 27-ին Երևանում, Ադրբեջանից և Թուրքիայից կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ:

Այս մասին, ինչպես նշում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Նշվում է, որ Ադրբեջանն այդ հանդիպմանը կներկայացնի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը, իսկ Թուրքիան՝ ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գյուջուքը:

Նախատեսվում է, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, իսկ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.