ԱՄՆ Կոնգրես է մտցվել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգը ներկայացնող սենատոր Ջոն Բարասոն Կոնգրես է մտցրել «Հյուսիսային հոսք-2» ծրագրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով սենատորի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ օրինագիծը կօգնի ՆԱՏՕ-ի անդամ պետություններին խուսափել Ռուսաստանի կողմից քաղաքական հարկադրանքից և տարատեսակ մանիպուլյացիաներից։

«Եվրոպայում դաշնակից երկրների հետ էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության մասին օրենքը կբարձրացնի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների էներգետիկ անվտանգությունը՝ վերջիններիս ներկայացնելով ամերիկյան ավելի կայուն և վստահելի էներգառեսուրսներ։ Այն նաև պատժամիջոցներ է սահմանում Nord Stream II գազատարի նկատմամբ, որով բնական գազը Ռուսաստանից հասցվելու է Գերմանիա», - ասվում է սենատորի տարածած հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մրցակցելու է «Հյուսիսային հոսք-2»-ի հետ բնական հեղուկ գազի օգնությամբ։

Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամերիկացի գործընկերոջը հավաստիացրեց, որ Մոսկվան պատրաստ է պահպանել Ուկրաինայով անցնող տարանցիկ գազամուղը նույնիսկ «Հյուսիսային հոսք-2»-ի կենսագործումից հետո։

Ավելի ուշ Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ Գերմանիան իրավունք ունի մասնակցել գազատարի կառուցման աշխատանքներին, «սակայն դա շատ բարդ կլինի, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է»։

«Հյուսիսային հոսք-2» ծրագիրը, որի վրա պետք է ծախսվի մոտ 9,5 միլիարդ եվրո, նախատեսում է կառուցել գազատար խողովակների երկու գիծ՝ տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ։ Այսպես՝ ռուսական գազն, անցնելով Բալթիկ ծովով, պետք է հասնի մինչև Գերմանիա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.