ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային

ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչների մատակարարումը Թուրքիային։ Այս որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգը գնելու մտադրության հետ։ Այս մասին գրում է The Washington Post թերթը։

Համապատասխան փոփոխությունը մտցվել է 2019 թ․ պաշտպանական բյուջեի ծրագրում։ Կոնգրեսի երկու պալատներն էլ հավանության են արժանացրել փոփոխությունը։

F-35-ի ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է այն ժամանակ, երբ Պենտագոնը կվերլուծի մատակարարման արգելքի հետևանքները։

Ինչպես հայտնում է The Hill-ը, պաշտպանական գերատեսչությունը 90 օրվա ընթացքում պետք է Կոնգեսին ներկայացնի զեկույց այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ F-35 կործանիչների մատակարարման արգելքը Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների, ինչպես նաև վերջինիս կողմից Ս-400-ի ձեռքբերման ծրագրերի վրա։

Հատկանշական է, որ ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը Կոնգրեսին կոչ էր արել հրաժարվել կործանիչների մատակարարման արգելքի մասին մտքից։

Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները սրվել են նախորդ տարվա դեկտեմբերին, երբ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր կնքեցին ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային Մոսկվայի հետ համաձայնագիր կնքելու համար։ ԱՄՆ պետքատուղարի օգնականը հայտարարել է, որ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան կործանիչների մատակարարման վրա։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն, իր հերթին, հայտարարեց, որ Անարան միջոցներ կձեռնարկի Վաշինգտոնի դեմ, եթե վերջինս փորձի խոչընդոտել կործանիչների մատակարարմանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.