Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2018 թ. սեպտեմբերի 23-ին։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը․ գրում է «Արմենպրես»-ը։

 «Ղեկավարվելով «Հայաստանի Հարապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով,  128-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով կառավարության 2018 թ․օգոստոսի 16-ի «Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին» որոշումը, Երևանի ավագանու ընտրությունների օր է հրապարակվել սեպտեմբերի 23-ը», - նշել է Սմբատյանը։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը տեղի կունենա սեպտեմբերի 10-21-ը։ ԿԸՀ որոշմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը։ Հանձնաժողովը հայտերը կհաստատի մինչև սեպտեմբերի 3-ը, իսկ ընտրությունների արդյունքները կամփոփի սեպտեմբերի 30-ին։

Լրագրողների դիտարկմանը, թե կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց՝ արդյոք ԿԸՀ-ն պատրա՞ստ է բարձր մակարդակով ընտրություններ անցկացնել, հանձնաժողովի քարտուղարը նշեց, որ միշտ են պատրաստ։

Հանձնաժողովի նիստում հայտարարվեց, որ ավագանու ընտրությունների՝ 5 քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերն ընտրական հանձնաժողովն ընդունելու է մինչև օգոստոսի 29-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.