Ես և Անգելա Մերկելը Թրամփի հետ զրույցում պաշտպանել ենք Ռուսաստանից գազ գնելու մեր իրավունքը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական գազի գնման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պայքարում ինքը պաշտպանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ հարգելով Մոսկվայից գազ գնելու վերջինիս իրավունքը։

Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ երկրների ղեկավարների այս շփումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին և 12-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

«Թրամփն ասում էր, որ մենք բոլորս սնում ենք Ռուսաստանին, իսկ Գերմանիան չափազանց շատ գումար է տալիս նրան։ Թուրքիայի մասին նա ոչինչ չասաց քաղաքավարությունից ելնելով։ Սակայն ես չկարողացա ինձ զսպել և ասացի, որ մեր բնական գազի պաշարների 50%-ը ստանում ենք Ռուսաստանից, իսկ եթե մենք չգնենք այն, ապա մեր քաղաքացիների ձմռանը կմրսեն։ Հետո խոսակցությանը միջամտեց Անգելա Մերկելը և նշեց, որ իրենք էլ Մոսկվայից ստանում են իրենց գազի 38%-ը, և ինքը նույնպես չի կարող թույլ տալ, որ ազգը մրսի», - պատմել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակում է պատժամիջոցային քաղաքականությունը՝ այն կապելով արդեն երրորդ երկրների հետ։

Էներգառեսուրսների մատակարարումն ամբողջ աշխարհով մեկ ամերիկյան վարչակազմի օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Եվրոպական Միությունը պատրաստ է միջոցներ տրամադրել բնական գազի նոր տերմինալների շինարարության համար։

Վաշինգտոնը քննադատում է նաև «Հյուսիսային հոսք 2» ծրագիրը, որով նախատեսվում է ռուսական գազը հասցնել Եվրոպա։ Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ այդ ծրագրի իրագործմամբ՝ Եվրոպան կհայտնվի ռուսական էներգառեսուրսներից կախյալ վիճակում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.