ՌԴ Քննչական կոմիտեն Արխանգելսկում տեղի ունեցած պայթյունը համարում է ահաբեկչական գործողություն

ՌԴ Քննչական կոմիտեն Անվտանգության դաշնային ծառայության Արխանգելսկի վարչության շենքի մոտ տեղի ունեցած պայթունը որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ասվում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Արխանգելսկում ԱԴԾ վարչության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ ահաբեկչական գործողության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով», - ասվում է ՔԿ հայտարարության մեջ։

Նշվում է, որ պայթուցիկ սարքը շենք է բերել մի դեռահաս, որը պայթյունի հետևանքով մահացել է։

«Նախնական տվյալներով՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել է տեղի 17-ամյա մի բնակիչ, որը պայթուցիկ սարքը բերել էր շենք։ Դեռահասի ինքնությունը դեռ պարզված չէ», - նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ, նախական տվյալների համաձայն, շենք մուտք գործած տղան «պայուսակից ինչ-որ իր է հանել, որը որոշ ժամանակ անց պայթել է նրա ձեռքերի մեջ, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պայթյուն էր տեղի ունեցել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արխանգելսկի վարչության շենքի մուտքի մոտ։ Պայթյունի հետևանքով զոհվել էր պայթուցիկ սարքը դեպքի վայր բերած դեռահասը․ վնասվածքներ էին ստացել ԱԴԾ մի քանի աշխատակիցներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.