Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Նեթանյահուի հանդիպման չեղարկման մասին լուրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հանդիպում չի ծրագրվել։ Այս մասին, ինչպես հայտնում է Ռիա Նովոստի-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է նոյեմբերի 11–ին Փարիզում հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նոյեմբերի 7-ին «ԿԱՆ» հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Ռուսաստանը և Իսրայելը համաձայնության են եկել երկրի ղեկավարների հանդիպման շուրջ, սակայն այն չեղարկվել է Ֆրանսիայի իշխանությունների խնդրանքով։ Փարիզում խնդրել են չեղարկել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակում արտասահմանյան հանդիպումները։

Ավելի վաղ հայնտի էր դարձել նաև, որ չեղարկվել է Թրամփի և Պուտինի՝ նոյեմբերի 11-ին Փարիզում նախատեսված հանդիպումը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կարող էր ավելի մեծ ուշադրության արժանանալ, քան հենց այն բուն միջոցառումը, որի շրջանակներում պետք է տեղի ունենային բանակցությունները։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.