Եվրոպական Խորհրդարանը կոչ է անում էմբարգո սահմանել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի անդամների զենքի մատակարարման վրա

Եվրախորհրդարանի՝ միջազգային հարցերով հանձնաժողովը պատրաստել է մի բանաձև, որով Եվրամիությանն առաջարկվում է էմբարգո սահմանել Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամ բոլոր պետությունների զենքի մատակարարման վրա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությանը։

«Եվրախորհրդարանը կրկնում է 2017 թ․ սեպտեմբերի 13-ի իր կոչը Սաուդյան Արաբիայի վրա զենքի մատակարարման էմբարգո սահմանելու խիստ անհրաժեշտության մասին և կոչ է անում ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին և ԵՄ Խորհրդին տարածել այս էմբարգոն նաև արաբական կոալիցիայի մյուս բոլոր անդամների վրա», - ասվում է փաստաթղթում։ ԵԽ-ում ընդգծում են, որ Սաուդյան Արաբիան և կոալիցիայի մյուս անդամ պետությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։

Բացի այդ, եվրոպացի խորհրդարանականները նշել են, որ ցնցված են՝ տեսնելով եվրոպական այդքան մեծ քանակի զինատեսակներ Սիրիայում և Իրաքում Իսլամական պետության պահեստներում։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 9-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարված էր հասցրել Եմենի հյուսիսարևմտյան նահանգներից մեկին։ Հարվածը խոցել էր երեխաներ տեղափոխող մի ավտոբուս։ Կարմիր խաչի տվյալներով՝ այդ ավիահարվածների հետևանքով զեհվել էր 51 մարդ, որոնցից 40-ը՝ երեխա։ Վիրավորվել էր ևս 80 մարդ։

2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.