Կրեմլը մեկնաբանել է Տոկիոյի հայտարարությունները Կուրիլյան կղզիներում ամերիկյան ռազմաբազաներ չտեղակայելու մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի խոստումների վերաբերյալ տեղեկությունները, ըստ որի՝ Ճապոնիան Կուրիլյան կղզիների հարավային շրջանները ստանալուց հետո այնտեղ չի տեղակայի ամերիկյան ռազմաբազաներ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Պեսկովը Ճապոնիայի հետ հարաբերություններում կարևորել է խաղաղ համաձայնագրի քննարկումները։ Նրա խոսքով՝ Պուտինի և Աբեի բանակցությունները տեղի են ունեցել մեկը մեկի դեմ ձևաչափով։

«Միակ բանը, որ կարող եմ հստակ ասել, այն է, որ Ճապոնիայի հետ գործընկերային պարտավորությունները բավական կարևոր են խնդիրները խաղաղ համաձայնագրի համատեքստում քննարկելու տեսանկյունից։ ճապոնիան գործընկերային պարտավորություններ ունի իր դաշնակիցների առջև», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նոյեմբերի 14-ին Աբեի և Պուտինի միջև Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ճապոնիայի վարչապետը հայտարարել էր, որ, եթե Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի միջև 1956 թ․ կնքված համաձայնագրի շրջանակներում Տոկիոյին անցնեն Հաբոմայի և Շիկոտան կղզիները, ապա այնտեղ ամերիկյան ռազմաբազաներ չեն տեղակայվի։

Մոսկվան և Տոկիոն նախորդ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում կնքված համաձայնագրի լրամշակման շուրջ։ Այս հարցի հիմնական խոչընդոտը Կուրիլյան կղզիների հարավային մասին պատկանելիության հարցն է։ 1945 թ․ այս ողջ կղզիախումբն անցել է Խորհրդային Միությանը, սակայն ճապոնական կողմը վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք անմարդաբնակ փոքր կղզիների պատկանելիության հարցը։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի ինքնիշխանությունն այս տարածքների վրա չի կարող կասկածի տակ դրվել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.