Հուսիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի նկատմամբ հարձակումները դադարեցնելու մասին

Եմենի ապստամբ ուժերին աջակցող «Անսարալլահ» խմբավորման (հուսիներ) անդամները հայտարարել են, որ դադարեցնում են հրթիռային հարվածները և անօդաչու սարքերով գրոհները Եմենում Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և նրանց աջակիցների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով շարժման հայտարարությանը։

«Մենք պատրաստվում ենք ավելի լայնամասշտաբ հրադադարի՝ պայմանով, եթե Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նույնպես խաղաղություն ցանկանա», - ասվում է շարժման հայտարարության մեջ։

Նոյեմբերի 15-ին Reuters-ը տեղեկացնում էր, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալցիան հրահանգել է դադարեցնել գրոհները «Անսարալլահ» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Հոդեյդա քաղաքի վրա, որը գտնվում է Եմենի արևմուտքում։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.