Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին. ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը (primeminister.am

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Խորհրդի մասնակիցներն ամփոփել են Եվրասիական տնտեսական միության տարեկան աշխատանքները Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում, ընդգծվել են եվրասիական ինտեգրման հետագա խորացման առանցքային ոլորտները, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան, թվային օրակարգը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ապահովման, ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսաարժույթային ու դրամավարկային քաղաքականության մոտարկման և ապագայում միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ինչպես նաև միության թվային օրակարգի իրականացման, նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները դիտարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպչական հարցերը:

Որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.