Եմենում հայտնաբերվել են իրանական արտադրության զենքեր․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Անվտանգության խորհրդին ներկայացրած զեկույցում տվյալներ կան, որ Եմենի տարածքում հայտնաբերվել են իրանական արտադրության զենքեր։

Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։

Զեկույցում չի նշվում, թե արդյոք Իրանը խախտել է ՄԱԿ-ի բանաձևը, որն Իրանին արգելում էր առանց Անվտանգության Խորհրդի թույլտվության զենք ներկրել և արտահանել։ ԱԽ-ում այս փաստաթղթի քննարկումը պետք է տեղի ունենա այսօր՝ դեկտեմբերի 12-ին։

Reuters-ի տվյալներով՝ խոսքը հակատանկային հրթիռների երկու կայանի մասին է, որոնք Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի անդամները գտել են Եմենի տարածքում։

«Քարտուղարությունը նկատել է, որ այդ զենքերն ունեն առանձնահատկություններ, որոնք խոսում են իրանական ծագման մասին, և նշումներ 2016 և 2017 թվականներին պատրաստված լինելու մասին», - ասվում է զեկույցում։

Բացի այդ՝ այս տարվա մարտին և ապրիլին Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների բեկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք նմանություն ունեն իրանական Qiam-1 հրթիռների հետ։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.