ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2» ծրագրի նկատմամբ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որում ԵՄ անդամ պետություններին կոչ է անում հրաժարվել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունից, ինչպես նաև հանդես է եկել ծրագրի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով։ Փաստաթուղթն ընդունվել է Կոնգրեսի ստորին պալատում անցկացված քվեարկությամբ։

Բանաձևը, որը կրում է ընդամենը դեկլարատիվ բնույթ և ենթակա չէ պարտադիր կատարման, խիստ քննադատության է ենթարկում վերոնշյալ էներգետիկ նախագիծը՝ նշելով պատճառներ, թե ինչու պետք է դրանից հրաժարվել։ Ամերիկացի օրեսնդիրների կարծիքով ««Հյուսիսային հոսք 2» ծրագիրը մեկ քայլ հետ է եվրոպական էներգաանվտանգության և ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից»։

Օրենսդիրները նախագահ Թրամփին կոչ են անում ամեն ինչ անել «եվրոպական էներգաանվտանգությունն ապահովելու և Եվրամիությանը ռուսական կախվածությունից փրկելու համար»։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրենսիս Ֆենոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դեմ է «Հյուսիսային հոսք 2» ծրագրին և կողմերին կոչ է անում հրաժարվել դրանից։ Նրա պնդմամբ՝ «Հյուսիսային հոսք 2»-ը և «Թուրքական հոսք»-ի ընդլայնված տարբերակը ոչ թե կոմերցիոն, այլ քաղաքական ծրագրեր են։

«Հյուսիսային հոսք 2» ծրագիրը նախատեսում է գազատարի կառուցում, որը կարող է Բալթիկ ծովի ռուսական ափերից տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ հասցնել մինչև Գերմանիա։ Գազատարի երկարությունը կազմելու է 1200 կիլոմետր։ Այս ծրագրին դեմ են մի քանի պետություններ, մասնավորապես՝ Ուկրաինան, որը վախենում է կորցնել ռուսական գազի տրանզիտից ստացվող եկամուտները, և ԱՄՆ-ը, որն էլ իր հերթին ցանկանում է Եվրոպա մատակարարել իր բնական գազը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.