Թուրքիան պատրաստվում է օգտագործել ռուսական Ս-400-ը՝ անկախ ՆԱՏՕ-ի համակարգերից
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը Ռիա Նովոստի-ի հետ զրույցում չի հաստատել տարածված այն լուրերը, թե իբր Թուրքիան Վաշինգտոնին առաջարկել է ուսումնասիրել ռուսական Ս-400 համակարգը, որն Անկարան պատրաստվում է ձեռք բերել Ռուսաստանից։
Ավելի վաղ Bloomberg լրատվական գործակալությունը տեղեկություններ էր տարածել, որ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է ուսումնասիրել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգը, որը մոտ ապագայում արդեն կմատակարարվի։
«Ամերիկյան կողմի հետ բանակցությունների ընթացքում նրանց ասել ենք, որ Ս-400 համակարգն օգտագործվելու է անկախ ՆԱՏՕ-ի համակարգերից և այնպես, որ վնաս չհասցվի F-35 կործանիչներին», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
«Այս նպատակի համար միջոցներ են ձեռնարկվում, իսկ մեր տեխնիկական մասնագետները կարող են երկկողմ բանակցություններ անցկացնել», - շարունակել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Ս-400-ի ձեռքբերման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ Անկարան պետք է գնի զենիթահրթիռային այս համակարգի երկու մարտկոց։
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային այս համաձայնագրի համար։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի խոսքով՝ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան Ֆ-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարման վրա։
Ի պատասխան՝ Անկարան հայտարարեց, որ միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները փորձի կենսագործել հնչեցրած սպառնալիքները։