ԱՄՆ Կոնգրեսը կրկին չի կարողացել հաստատել դաշնային կառավարության բյուջեն

Դեկտեմբերի 27-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ տեղի են ունեցել ժողովներ, սակայն օրենսդիրներն այդպես էլ չեն կարողացել քայլեր ձեռնարկել վերջ դնելու դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցմանը, որն սկսվել է դեկտեմբերի 22-ին։

Հայտնի է, որ Կոնգրեսի երկու պալատներում հաջորդ ժողովը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին։

Ավելի վաղ Սպիտակ տան ադմինիստրատիվ-բյուջետային հարցերով վարչության ղեկավար Միք Մալվենին, որը ժամանակավորապես զբաղեցնում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ դաշնային կառավարության գործունեության դադարը կարող է շարունակվել մինչև Կոնգրեսի նոր նստաշրջանի մեկնարկը՝ հունվարի 3-ը։

Ամերիկացի օրենսդիրները չեն կարողացել ընդունել 2019 թ․ֆինանսական տարվա բյուջեն, որն սկսվել է դեռ հոկտեմբերի մեկին։ Այն պետք էր հաստատվեր դեկտեմբերի 21-ին, սակայն Կոնգրեսի երկու պալատներն էլ ավարտեցին իրենց աշխատանքն այդպես էլ որևէ կոմպրոմիսային որոշման չհասնելով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը չի վերսկսի իր աշխատանքը մինչև Կոնգրեսում դեմոկրատները կողմ չքվեարկեն Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար միջոցներ տրամադրելուն։ 

Այժմ առանց ֆինանսավորման է մնացել կառավարության մոտ մեկ-չորրորդը, մասնավորապես՝ պետքարտուղարությունը, առևտրի նախարարությունը, արդարադատության նախարարությունը, ներքին անվտանգության նախարարությունը։

Մյուս գերատեսչությունների համար Կոնգրեսը հասցրել էր միջոցներ հատկացնել մինչև 2019-ի սեպտեմբեր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.