Եմենում հուսիների կատարած հարձակման հետևանքով զոհվել է կառավարական զորքերի հրամանատարներից մեկը

Եմենում գործող ընդդիմադիր «Անսարալլահ» խմբավորման (հուսիներ) զինյալների՝ կառավարական ուժերին պատկանող ավիաբազայի վրա կատարած հարձակման հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ ավելի քան 20 մարդ։ Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել երկրի հարավային Լահջ նահանգում։

Sky News Arabiya-ի տվյալներով՝ զոհերի թվում են վերոնշյալ նահանգի ղեկավար Ահմեդ Աբդալլա ալ-Թուրքին և Եմենի զինված ուժերի 4-րդ բանակային բրիգադի հրամանատար, գեներալ Ֆադլ Հասանը։

Բացի այդ՝ վիրավորվել են գլխավոր շտաբի ղեկավարը, նրա տեղակալը և ռազմական հետախուզության ծառայության տնօրենը։ Վնասվածքներ են ստացել նաև լրագրողներ։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.