Թրամփը սպառնում է տնտեսապես ոչնչացնել Թուրքիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կործանել Թուրքիան, եթե վերջինս Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո հարվածի տեղի քրդական ուժերին։ Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում։

«Մենք տնտեսապես կոչնչացնենք Թուրքիան, եթե նրանք հարվածեն Սիրիայի քրդերին։ Անհրաժեշտ է ստեղծել 20 մղոնանոց անվտանգության գոտի», - գրել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ քրդերը նույնպես, իրենց հերթին, չպետք է սադրեն Թուրքիային։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվի Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ-ի մյուս դաշնակիցների անվտանգությունը։ Նշվել է, որ մասնավորապես՝ ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում կմնան այնքան, քանի դեռ Թուրքիան չի համաձայնի երաշխավորել քրդական զորամիավորումների անվտանգությունը։

Անկարայում շատ կոշտ են արձագանքել Բոլթոնի խոսքերին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոնը մեծ սխալ է գործում՝ իրենցից պահանջելով ապահովել քրդերի անվտանգությունը։ Նա նշել է նաև, որ ռազմական գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի ամերիկյան պատվիրակության այցից հետո։

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.